Դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից՝ վստահությունը կորցնելու պատճառով. մարզպետի կարգադրություն

ՀՀ Արագածոտնի մարզպետի 25.10.2019թ. թիվ 135 կարգադրությամբ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Ղ. Փարպեցու անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նորիկ Արշակյանի աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով:

Այս մասին Իրավաբան.net -ին հայտնում են մարզպետարանից:

Դպրոցի տնօրենի լիազորությունների դադարեցման համար հիմք է հանդիսացել տնօրենի գործողությունների հետևանքով պետությանը խոշոր չափի՝ 4.600.000 դրամ նյութական վնաս պատճառելը:

Մասնավորապես, Ն. Արշակյանը 2002 թվականից աշխատանքի է ընդունել Է. Գյոզալյանին, ով 2002թ.-ից ի վեր դպրոցում զբաղեցրել է տարբեր հաստիքներ, սակայն նա աշխատանքի չի հաճախել այնքան, որքան վարձատրվել է դրա համար:

Թեպետ պատճառված վնասը վերականգնվել է, դրանից դպրոցի տնօրենի նկատմամբ առաջացած անվստահությունը չի նվազել:

Հաշվի առնելով, որ պետությանը զգալի չափերի նյութական վնաս պատճառած պաշտոնյան, որը որպես հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավար կորցրել է իր վստահությունը գործատուի (այս դեպքում ՀՀ Արագածոտնի մարզպետարանի՝ ի դեմս մարզպետի) մոտ, որոշում է կայացվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 և 122 հոդվածներով սահմանված հիմքերով վաղաժամկետ լուծել գործատուի և աշխատողի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը:

Հաշվի առնելով, որ նշված դեպքի քննությունը գտնվում է իրավապահ մարմինների վարույթում, նախաքննության գաղտնիությունը չխախտելու նպատակով, այլ մանրամասներ այժմ ենթակա չեն հրապարակման:
Մարզպետարանի ենթակայության բոլոր կազմակերպությունների ղեկավարներին խստիվ հորդրում ենք զերծ մնալ իրավախախտ գործունեությունից, բացառել ցանկացած ֆինանսական կամ այլ չարաշահման դեպք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել