Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը

Վճռաբեկ դատարանը՝ նախագահությամբ Լիլիթ Թադևոսյանի, վարույթ է ընդունել «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը բեկանելու և քրեական գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքը։

Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանանակն թիմը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ. ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

Սրանից բացի իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել