Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և երեխան Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակելու համար դիմողը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին է ներկայացնում դիմումը, ծնողի և երեխայի (երեխաների) անձը հաստատող փաստաթղթերը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նաև մյուս անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` խնամքի նպաստի իրավունք ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառման հասցեի մասին տվյալների:
Եթե նպաստը նշանակվում է ծնողին, ում մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա դիմումին կից ներկայացվում է նաև խնամքի արձակուրդում գտնվելու մասին տեղեկանքը՝ ստորագրված և կնքված գործատուի կնիքով։ Տեղեկանքում նշվում են՝
1) ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.
2) խնամքի արձակուրդի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և ավարտը (օրը, ամիսը, տարեթիվը).
3) երեխայի (ում ծննդյան կապակցությամբ ծագել է արձակուրդի իրավունքը) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինը մերժում է խնամքի նպաստ նշանակելը, եթե՝
1) ծնողը չունի խնամքի նպաստի իրավունք.
2) ծնողը և երեխան, ըստ բնակչության պետական ռեգիստրի, հաշվառված չեն Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.
3) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշմամբ սահմանված կարգով «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տեղեկատվության՝ ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում կամ ոչ բոլոր գործատուների մոտ է գտնվում խնամքի արձակուրդում.
4) երեխան գտնվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ.
5) դիմումին կից ներկայացած փաստաթղթերը կամ դիմումում ներառված տվյալները բավարար չեն խնամքի նպաստ նշանակելու և վճարելու համար.
6) ծնողը կամ երեխան, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության, դիմելու օրվա դրությամբ չեն գտնվել Հայաստանի Հանրապետությունում.
7) դիմումը ներկայացրել է այլ անձ, սակայն ընտրված է խնամքի նպաստը վճարելու կանխիկ եղանակը՝ բացառությամբ այն դեպքի, երբ դիմումին կից ներկայացվել է խնամքի նպաստը կանխիկ եղանակով դիմումատուին վճարելու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված լիազորագիր.
8) համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված տեղեկատվության, ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեխայի ծնողներից մեկին նշանակվել է խնամքի նպաստ.
9) դիմումը ներկայացվել է երեխայի երկու տարին լրանալու կամ խնամքի արձակուրդն ավարտվելու օրվանից հետո։
Նշենք, որ սա կարգավորվում է «Պետական նպաստների մասին» օրենքի 27-րդ, 28-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման համաձայն: