Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշումներ է ստորեգրել, որոնց համաձայն պարգևատրումներ են կատարվել:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից:
Հոկտեմբերի 4-ի որոշման համաձայն. հիմք ընդունելով «Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի 20.09.2019թ. գրությունը, հոկտեմբերի 7-ին նշվող «Գրադարանավարի օրվա» կապակցությամբ, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրվել են.
- Սուսաննա Սահակյանը. ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանի գրականության համալրման և մշակման բաժնի գրադարանավար,
- Անահիտ Սիմոնյանը. ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանի սպասարկման բաժնի առաջատար գրադարանավար,
- Նունե Կարապետյանը. ՀՈԱԿ-ի թիվ 21 գրադարան-մասնաճյուղի գրադարանավար:
Հոկտեմբերի 8-ի որոշմամբ, Երևանի 2801-րդ տարեդարձի կապակցությամբ, հայապահպանության և հայկական մշակույթի տարածման ու հանրահռչակման գործում ունեցած հաջողությունների համար Բոստոնի «Երևան» երգչախումբը պարգևատրել է «Երևան» ոսկե հուշամեդալով։
Հոկտեմբերի 9-ի որոշմամբ, ծննդյան 90-ամյա հոբելյանի կապակցությամբ, հայկական երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար հայ ականավոր կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Գեղունի Չթչյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: