ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պտղի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
2019 սեպտեմբերի 29-ին քաղաքացին՝ ծնված 1986 թվականին, հաղորդում է տվել այն մասին, որ օրեր առաջ՝ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին, ինքը 39 շաբաթական հղիությամբ բուժօգնության է դիմել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ ծննդաբերել է արական սեռի երեխա, և նույն օրը պտուղը մահացել է:
Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Ծննդկանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ առգրավումներ, հարցաքննություններ, նշանակվել են դատաբժշկական հանձնաժողովային և դատագենետիկական փորձաքննություններ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հարցումներ են ուղարկվել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենին և ՀՀ առողջապահության նախարարությանը, օպերատիվ հանձնարարություն է տրվել ոստիկանության աշխատակիցներին:
Նախաքննությունը շարունակվում է:
Հավելենք, որ ըստ ծննդան Հայկուհի Խաչատրյանի, իրենք չեն տեսել նորածնի դին: Առողջապահության նախարարությունի նաև տեղեկացրել են, որ կնոջ մոտ առողջական խնդիրներ են նկատվել, նա հոսպիտալացվել է: Վերջինիս մոտ ախտորոշվել է աջակողմյան թոքաբորբ: Նրա վիճակը կայուն է, գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: