ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ վիճաբանության ժամանակ քաղաքացու առողջությանը ծանր վնաս պատճառելու համար:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1979թ., վիճաբանության է բռնվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ հավաքի մասնակիցներից մեկի հետ՝ ծնված 1967թ., որի ժամանակ դիտավորությամբ ոտքով մի քանի անգամ հարվածել է վերջնիս մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ աջ սրունքի զույգ ոսկրերի վերին երրորդականի ներհոդային, փակ, բազմաբեկոր, տեղաշարժված կոտրվածքների ձևով:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: