Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Սեր­բիայի Հանրապետություն

Սեր­բիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, հոկտեմբերի 3-ի երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Սերբիայի Հանրապետություն:

Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Սերբիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ալեքսանդար Վուչիչի, վարչապետ Անա Բռնաբիչի, Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի, Սերբիայի Պատրիարք, Նորին Սրբություն Իրինեյի հետ: Հանդիպումների ու քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին, հայ-սերբական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցեր:

Հայաստանի նախագահի պաշտոնական այցի օրակարգը ներառում է նաև այցելություններ երկրի գիտական, տեխնոլոգիական և կրթական հաստատություններ, ինչպես նաև հանդիպում Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Բելգրադում նախագահ Սարգսյանը կայցելի նաեւ 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնություն բերող վթարված ինքնաթիռի սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հայկական խաչքարի մոտ, հարգանքի տուրք կմատուցի նրանց հիշատակին, ինչպես նաև ծաղիկներ կդնի Անհայտ հերոսի հուշարձանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել