Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարության հավանությանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հարցը կառավարությանը կերկայացնի Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ այսօր՝ հոկտեմբերի 3-ին կայանալիք կառավարության հերթական նիստին:
Առաջարկվում է քննչական բաժնի պետին ներառել քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածում՝ որպես առանձին դատավարական կարգավիճակ ունեցող սուբյեկտ, ում որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ կարող են բողոքներ ներկայացվել դատարան՝ կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
Նախագծի հիմանվորման համաձայն, օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված է երկու հանգամանքներով՝
1. Դատավարության մասնակիցների կողմից քննչական բաժնի պետի որոշումները և անօրինական գործողությունները վիճարկելու հնարավորության նախատեսում, քանի որ այդպիսիք կարող են խախտել այդ սուբյեկտների իրավունքները,
2. Մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն ու դատական վերահսկողությունն առավել արդյունավետ իրականցնելու հնարավորության ապահովում:
Կառավարությունը նախագծին բացասական եզրակացություն է տվել՝ նշելով, որ օրենսդիրը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածում համապատասխան սուբյեկտների շարքում չի ներառել քննչական բաժնի պետին, քանի որ, ինչպես արդեն նշել էինք, նախաքննություն կատարելիս քննչական բաժնի պետը հանդես է գալիս որպես քննիչ: