Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով տուժողի իրավահաջորդի բողոքը վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով դատական քննությունը շարունակվում է։ Իրավաբան․net-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ հունիսի 4-ին դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդ Արամ Սիմոնյանի դատական նիստը նախագահող դատավորի Վահե Խալաթյանին  ներկայացրել է ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն: Այն դատարանի կողմից մերժվել է։

Տուժողի իրավահաջորդը որոշումը բողոքարկել է վերաքննիչ քրեական դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Արսեն Նիկողոսյանին։

Վերաքննիչ դատարանը իր որոշման մեջ նշել է, որ տուժողի իրավահաջորդ Արամ Սիմոնյանը, որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելով, բողոքը  բերել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման, հետևաբար՝ այն պետք է թողել առանց քննության:

Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝
1) առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը,
2) առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը,
2.1) առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով,
3) առաջին ատյանի դատարանների՝ գործով վարույթը կասեցնելու որոշումները,
4) առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին որոշումները,
5) առաջին ատյանի դատարանի՝ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքների կապակցությամբ կայացված որոշումները,
6) հանձնման մասին դատարանի որոշումները,
7) սույն օրենսգրքի 49 գլխով նախատեսված հարցերի կապակցությամբ դատարանի կայացրած որոշումները,
8) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ այլ դատական ակտեր:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է կամ բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման կամ բերվել է 375.4 հոդվածի պահանջի խախտմամբ, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության»,-նշված է վերաքննիչ դատարանի որոշման մեջ:  Սեպտեմբերի 12-ին որոշումը բողոքարկվել է վճռաբեկ դատարան։

Նշենք, որ ավելի վաղ տուժողի իրավահաջորդը միջնորդություն էր ներկայացրել մեղադրանքը պաշտպանող դատախազ Տիգրան Ենոքյանին բացարկ հայտնելու վերաբերյալ, որը դատարանը կրկին մերժել էր։

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի ներկայացրած տվյալների 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ տուժողի կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից: 2017 թվականի հուլիսի 22-ին՝ առավոտյան, կնոջ և ամուսնու միջև տեղի է ունեցել հերթական վիճաբանությունը, ինչից հետո ամուսինը քնել է, և կինը  փայտ կոտրելու կացնով հարվածել է քնած ամուսնուն, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Այնուհետև կինը զանգահարել է որդուն և տուն կանչել: Հաջորդ օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, ամուսնու ավտոմեքենայով, որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում:

Սպանված կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կնոջ նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, իսկ որդուն արգելանքից ազատելու որոշում է կայացվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել