ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ վերջինիս պաշտպանի կողմից համացանցում հրապարակում է տարածվել` մեղադրանքի ոչ ճիշտ որակված լինելու վերաբերյալ:
Քննչական կոմիտեն այս առթիվ հայտարարություն է տարածել.
«Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների փոխկապակցված համակցությամբ՝ 2019թ. սեպտեմբերի 18-ին Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով:
2019 թվականի սեպտեմբերի 25-ին ստացվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումը՝ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և վերջինիս ավելի ծանր հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով մեղադրանք առաջադրելու մասին, որի հիման վրա նախատեսվում է փոփոխել Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը և նրան նոր մեղադրանք առաջադրել՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար:
Միաժամանակ հայտնվում է, որ նախաքննության ընթացքում ՀՀ երրորդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կողմից ամբողջությամբ՝ 54.790.433 դրամի չափով, վերականգնվել է Վլադիմիր Գասպարյանի և այլ պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը:
Նախաքննությունը շարունակվում է»: