Դատարանը թույլատրելի է համարել Միքայել Ղարաքեշիշյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ գործակալության պետ Միքայել Ղարաքեշիշյանի մասով:

Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցները, խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով նույն գործակալության պետի և «Հայփոստ» ՓԲ ընկերության թվով 5 փոստային բաժանմունքների փոստատարների ու ավագ օպերատորների հետ, պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարները հափշտակելու նպատակով, 2013 թվականի մայիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, առանց քաղաքացիների գիտության, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով, թվով 692 քաղաքացիների հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում: Դրա հիման վրա վերջիններս ընդգրկվել են նպաստառուների ցուցակներում, ձևակերպվել են ապօրինի նպաստներ, իսկ գումարները` յուրացվել։

Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ Գործակալության աշխատակիցները, նշված հափշտակությունները կատարելիս, համագործակցել են «Հայփոստ» ՓԲ ընկերության՝ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների աշխատակիցների հետ, այն է՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցները կեղծ ցուցակներում ձևականորեն ընդգրկված նպաստառուների անունների դիմաց ստորագրել են և նպաստի գումարները ստանալով՝ փոխանցել գործակալության աշխատակիցներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական գործով երկու անձ՝ Գործակալության պետը և առաջին կարգի մասնագետը, որպես մեղադրյալ էին ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել էր հետախուզում՝ նկատի ունենալով, որ նրանց հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները դրական արդյունք չեն տվել:

Քրեական գործի նախաքննության ընթացքում`2019թ. մայիսի 28-ին, Գործակալության պետը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:  Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, սակայն դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով, քննիչի որոշմամբ, կալանք է դրվել նրա անվամբ գրանցված անշարժ ու շարժական գույքի, ինչպես նաև՝ բանկային հաշիվների վրա:

Նկատի ունենալով, որ կատարված նախաքննությամբ Գործակալության պետի վերաբերյալ ձեռք բերված ապացույցները բավարար են՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար, նրա վերաբերյալ դրվագը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Հիշեցնենք, որ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք էր առաջադրվել 27 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնցից 6-ը սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցներ են, իսկ 21-ը՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության: 25 մեղադրյալների մասով նախաքննության ավարտի մասին հայտարարվել էր 2019թ. հունվար ամսին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան:

Ինչ վերաբերում է հետախուզման մեջ գտնվող մյուս մեղադրյալին՝ Գործակալության առաջին կարգի մասնագետին, ապա վերջինիս գտնվելու վայրը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումները շարունակվում են։

Պետությանը պատճառված 550.617.500 ՀՀ դրամ վնասից այսօրվա դրությամբ վերականգնվել է 112․181․600 ՀՀ դրամը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել