Սնանկության դատարանում սեպտեմբերի 25-ին, դատավոր Արթուր Աթաբեկյանի նախագահությամբ կայացել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերության դեմ ներկայացված սնանկության դատական նիստը:
Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց պատասխանող կողմի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը:
Ընկերության դեմ հայցադիմում է ներկայացրել միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Դաֆ Ալկո Տրանս»-ը՝ 120 միլիոն դրամ պարտքը վերադարձնելու համար։
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերությունը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը նշելով, որ վճարել է մատուցված ծառայությունների համար։
Ուղևորափոխադրող ընկերությունը սկսել է «Արարատի» ապրանքները արտահանել հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, որի արդյունքում դուրս են գրվել հաշիվ-վավերագրեր, որոնք ստորագրվել ու կնքվել են պարտապան ընկերության կողմից, սակայն գումարը այդ ապրանքագրերով դուրս գրված առ այսօր չի վճարվել, ընդ որում՝ մարտ ամսից սկսած վճարումներ չեն կատարվել, այնինչ ծառայություններից դեռ շարունակել են օգտվել:
Դատարանը «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի սնակության վերաբերյալ որոշումը կհրապարակի հոկտեմբերի 15-ին։