Դատապարտյալն ու ծանոթուհին հափշտակել են 101 միլիոն դրամ․ ոստիկանության նոր բացահայտումը

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում խարդախությունների վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացվել։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Տեղեկությունների հիման վրա ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սկսվեց նյութեր նախապատրաստման գործընթաց։ Ոստիկանության ծառայողները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից մեկը սոցիալական ցանցով ծանոթացել է մի կնոջ հետ։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ նրանք համաձայնության են եկել իրար հետ և մի տղամարդու անվամբ հիմնել են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ու ծավալել անշարժ գույքի առուվաճառքի գործակալության թվացյալ գործունեություն։ Մասնավորապես, կինը դատապարտյալի ցուցումներով, քաղաքացիներին ներկայացել է որպես հիշյալ գործակալության տնօրեն և շահավետ տարբերակներով անշարժ գույք ձեռք բերելու պատրվակով նրանց հետ ձևական պայմանագրեր կնքել։ Այս կերպ չարաշահելով նրանց վստահությունը 2018-2019 թվականների ընթացքում խարդախությամբ շուրջ 23 քաղաքացուց ստացել ու հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 101․372․600 դրամ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում տուժած անձանց մի մասից վերցվել են հաղորդումներ։ Զույգի հանցավոր գործողություններից տուժածները կարող են դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ այլ բաժին։ Հիշյալ դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։

Տեսանյութը՝ ոստիկանության

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել