ՃՈ, անձնագրային և վիզաների վարչության և ՊՊԾ 4-րդ գնդի ծառայողներին ամսական պարգևատրումներ չեն հատկացվի. ոստիկանապետի հրաման

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը սեպտեմբերի 11-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է ոստիկանության ծառայողներին պարգևատրում տալու կարգը և չափերը:

Հրամանում նշվել է նաև, որ ոստիկանության բարձրագույն խմբի ծառայողներին պարգևատրումը, լրիվ կամ մասնակի, վճարվում կա չի վճարվում վարչապետի համաձայնությամբ:

Նշվել է, որ միանվագ պարգևատրումը որպես խրախուսանք տրվում է առավել որակյալ աշխատանքի կամ հատուկ առաջադրանքները կատարած լինելու դեպքում:

Ամսական պարգևատրումներ չեն հատկացվում ճանապարհային ոստիկանության, անձնագրային և վիզաների, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության 4-րդ գնդի գումարտակի ծառայողներին, քանի որ վերջիններս համեմատաբար ավելի բարձր աշխատավարձ են ստանում:

Գլխավոր վարչությունների պետերին, ոստիկանության Երևանի վարչության պետին տրվող պարգևավճարը չի կարող գերազանցել վերջիններիս աշխատավարձի 40 տոկոսը: Գլխավոր վարչությունների պետերի տեղակալներին, ինքնուրույն, այդ թվում մարզային վարչություններ պետերին՝ մինչև 35 տոկոս, ինքնուրույն և տարածքային բաժնի պետերին՝ մինչև 30 տոկոս:

Ոստիկանության բոլոր ծառայողները, անկախ զբաղեցրած պաշտոնից, կարող են լրացուցիչ պարգևատրում ստանալ, եթե իրենց գործուն աջակցությամբ, մասնակցությամբ, կանխվել կամ բացահայտվել են դիտավորությամբ, ոչ ակնհայտ պայմաններում կատարված հանցագործություններ, հայտնաբերվել են հետախուզվող անձինք, ոստիկանության ծառայողի կողմից փրկվել է մարդու կյանք:

Նշված լրացուցիչ պարգևատրումները կարող են հասնել 500 հազար դրամի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել