Պարգևատրումներ՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հրամանով տարբեր ստորաբաժանումների շուրջ յոթ տասնյակ ծառայողներ պարգևատրման էին ներկայացել: Հանդիսավոր նիստը վարում էր Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ողջունելով ներկաներին` Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց պարգևատրմանն արժանացած ոստիկաններին:
«Ինձ ուրախացնում է այն փաստը, որ օրեցօր պարգևատրվողների թիվն ավելանում է, ինչը ողջունել է և վկայում է, որ համակարգում բարեխիղճ աշխատողներ շատ կան: Հասարակական կարգի ապահովումը, հանցագործությունների նախականխումը, կանխումը և բացահայտումը մեր ծառայողական պարտականություններն են: Բայց ոստիկանության ղեկավար կազմը որոշել է, որպեսզի ձեզ գնահատված զգաք, լրացուցիչ պարգևավճարներ տրամադրել: Ավելին այսօր, ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը գործուն աջակցություն ցուցաբերած ոստիկաններից զատ պարգևատրվում են նաև նրանք, ովքեր անձնական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտել: Կարծում եմ` այս մոտեցումը կպարտավորեցնի ձեզ ոչ միայն լավ ծառայել, այլև կօգնի առանց կոռուպցիոն ռիսկերի բարեկեցիկ դարձնել ձեր կյանքը»,-ասաց ոստիկանության պետը:

Ծրարներում նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը: Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին:
Ամփոփիչ խոսքում Վալերիյ Օսիպյանը նշեց. «Այսօր ծառայողի աշխատանքն է պարգևատրման, առաջխաղացման գրավականը»: Եվս մեկ անգամ շնորհավորելով խրախուսվողներին ոստիկանության պետն ընդգծեց, որ լրացուցիչ պարգևավճարների տրամադրումը շարունակական է լինելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել