Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը, որով հստակեցվում է հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, վիճակի խոցելիությունը օգտագործելու միջոցով կամ շահադիտական դրդումներով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու դեպքում (այդ թվում, երբ արարքն իրականացվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից) նախատեսվող քրեական պատասխանատվության հարցը։
Այս նախագծի նպատակն է ընտանիքի, մայրության, հայրության և մանկության պաշտպանությունը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը, ինչպես նաև երեխայի մուտքը հաստատություններ կանխարգելելը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, վիճակի խոցելիությունը օգտագործելու միջոցով կամ շահադիտական դրդումներով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը լուրջ մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ այդպիսի գործողությունները սպառնում են երեխայի՝ կենսաբանական ընտանիքում ապրելու իրավունքին, հակասում են ընտանիքի ամրապնդման պետական քաղաքականությանը, ընտանիքի բոլոր անդամների փոխօգնության և միմյանց նկատմամբ ունեցած պատասխանատվության, ընտանեկան գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքներին։
Ծնողական իրավունքներից հրաժարվելու դեպքում երեխան զրկվում է զարգացման այն հնարավորություններից, որոնք ունենում են ընտանիքում ապրող երեխաները, նրանց մի մասը տեղափոխվում է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն, որոնք, հետազոտությունների համաձայն, կարող են անդառնալի ազդեցություն ունենալ երեխաների կյանքի վրա այդ հաստատություններում նույնիսկ ամենալավ պայմանների առկայության պարագայում։
Նվում է նաև, որ քիչ չեն քաղաքացիների հայտարարություններն այն մասին, որ առողջական խնդիրներ (հատկապես Դաունի համախտանիշ) ունեցող նորածինների ծնողներին, հատկապես մայրերին, վիճակի խոցելիությունից օգտվելով կամ խաբեությամբ հորդորում կամ որևէ կերպ հարկադրում են հրաժարվել ծնողական իրավունքներից։ Այդ հանգամանքը պարզելով՝ հետագայում ծնողները դիմում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ակնկալելով ստանալ երեխայի կարգավիճակի, գտնվելու վայրի կամ որդեգիր ծնողների վերաբերյալ տեղեկություններ, ինչը հիմնականում անհնար է անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից։
Առաջարկվող կարգավորումը բխում է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից և դրան կից «Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ» կամընտիր արձանագրության հոդված 3-ից, Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (Որդեգրման մասին Հաագայի կոնվենցիա) հոդված 4-ից, ինչպես նաև Երեխաների որդեգրման մասին եվրոպական կոնվենցիայի հոդված 5-ից, որը ստորագրվել է Հայաստանի կողմից 2008 թվականի նոյեմբերի 27-ին: