Երևանի ավագանին 3-րդ նստաշրջանի 1-ին նիստն սկսեց էլեկտրոնային քվեարկության հնարավորությամբ: Գործարկվող ավտոմատացված համակարգով ավագանու անդամները գրանցվում են, քվեարկում ու հերթագրվում հարցերի և ելույթների համար: Ավագանու կառույցի ձևավորումից հետո, ի դեպ, էլեկտրոնային համակարգը կիրառվում է առաջին անգամ:
Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանը:
Երևանի բյուջեի եկամուտներն ու ծախսերը կավելանան 6,9 մլն դրամով: Երևանի ավագանին այսօր հավանություն տվեց որոշման նախագծին: Համաձայն նախագծի՝ այդ գումարից 3,6 մլն դրամը կուղղվի ձմեռային զորակոչով Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած 11 այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարմանը, իսկ 3,28 մլն-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցմանը:
Օրակարգում ընդգրկված մեկ այլ հարցով էլ հավանություն տրվեց «Ատլաս Ինվեստ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 4470.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու որոշման նախագծին: «Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների» հողերի կարգից այն փոխադրվեց «բնակավայրերի» հողերի կարգ: Արշակունյաց պողոտա 57/7 հասցեում սեփականատերը նախատեսում է կառուցել բազմագործառութային համալիր:
Հաշվի առնելով, որ «Սանիթեք» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն Երևանի ամբողջ վարչական տարածքում ընդհանրապես չեն կատարում ծառայությունների մատուցման իրենց պայմանագրային պարտավորությունները՝ Երևանի տասներկու վարչական շրջաններում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններն իրականացվելու են համայնքային հիմնարկի ուժերով: Այսօրվա նիստում ավագանին որոշում կայացրեց ավելացնել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների թիվը, հաստատվեց նոր հաստիքացուցակը: Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ Երևանի բյուջեով ոլորտին հատկացվող միջոցները չեն գերազանցելու այն գումարի չափը, որը նախորդ տարիներին նախատեսվում էր «Սանիթեք»-ին վճարելու համար:
Երևանի ավագանու նիստին հաջորդել է հարց ու պատասխանը: Ավագանու անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել քաղաքապետին, վարչական շրջանների և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին:
Երևանի ավագանու հերթական՝ հաջորդ նիստը կգումարվի հոկտեմբերի 8-ին: