Կառավարության 1438-Ն որոշման համաձայն սահմանվում է ձվերի և ձվամթերքի տարաներին, փաթեթավորող նյութերին ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն սահմանված պահանջներին:
Ձվերը փաթեթավորվ են առանձին` ըստ տեսակների և կարգերի:
Ձվերի տարան, փաթեթավորող նյութերը (գոգավոր միջադիրները) և ամրացվող միջոցները պետք է լինեն մաքուր, չոր, առանց կողմնակի հոտերի և մեխանիկական վնասվածքների, պահման և փոխադրման ընթացքում ապահովեն ձվի կճեպի ամբողջականությունը, որակը, ապրանքային տեսքը և անվտանգությունը:
Ձվերի և ձվամթերքի մակնշման նյութերը և միջոցները չպետք է ազդեն մթերքի անվտանգության և որակի վրա: Մակնշումը պետք է լինի հայերենով կամ հայերեն և այլ լեզուներով` ըստ մատակարարման պայմանագրի, պարզ, հստակ ու ընթեռնելի, իսկ տառերի ու թվերի բարձրությունը պետք լինի 3 մմ-ից ոչ պակաս:
Չփաթեթավորված ձվերի կամ ստվարաթղթե պալարային տուփերում և միջադիրներում տեղադրված ձվի յուրաքանչյուր միավորի վրա պետք է նշվի արտադրողի անվանումը կամ ապրանքային նշանը, տեսակը, տեսակավորման ամսաթիվը և պիտանիության ժամկետը:
Ձվերի և ձվամթերքի սպառողական տարայի յուրաքանչյուր միավորի վրայի մակնշումը պետք է ներառի`
1) արտադրող, փաթեթավորող, արտահանող, ներմուծող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը.
2) արտադրողի ապրանքային նշանը (առկայության դեպքում).
3) ձվի կամ ձվամթերքի անվանումը` ներառյալ թռչնի տեսակը.
4) ձվերի տեսակը և կարգը ( կարգին համապատասխանող ծածկագիրը).
5) ձվերի քանակը մեկ փաթեթվածքում.
6) արտադրության ամսաթիվը, պիտանիության ժամկետը և պահման պայմանները.
7) ձվերի տեսակավորման ամսաթիվը.
8) տեղեկություն համապատասխանության գնահատման մասին:
Ձվամթերքի մակնշումը լրացուցիչ պարունակում է նաև`
1) ֆիզիկական վիճակի մասին տվյալներ (հեղուկ, չոր, սառեցված, պաստերիզացված և այլն).
2) օգտագործման վերաբերյալ հատուկ ցուցումներ:
Պիտակը պետք է տեղադրվի սպառողական տարայի այն մասում, որ տարայի բացման ժամանակ չառաջացնի դրա ամբողջականության խախտում: Չի թույլատրվում գիտականորեն չհիմնավորված բնույթ ունեցող տեղեկատվության տեղադրումը սպառողական տարայի վրա զետեղված մակնշվածքում:
Ձվերի և ձվամթերքի փոխադրական տարայի վրա պետք է կատարվեն զգուշացնող նշումներ` օրինակ` «Պաշտպանել տեղումներից», «Փխրուն է», «Շուտ փչացող բեռ»:
Չի թույլատրվում սուր հոտավետ նյութերի հետ համատեղ կամ հարևանությամբ ձվերի և ձվամթերքի պահումը: Պահման գործընթացն իրականացվում է արտադրանքի անվտանգության և որակական ցուցանիշների պահպանումն ապահովող ջերմաստիճանի և օդի հարաբերական խոնավության պայմաններում:
Օդի ջերմաստիճանի 00-200 C և 85-88% հարաբերական խոնավության պայմաններում Ա դասի «Էքստրա» տեսակի ձվերը պահում են 7 օրվանից, Ա դասի 1-ին տեսակի ձվերը` 25 օրվանից, լվացված ձվերը` 12 օրվանից ոչ ավելի: Բ դասի ձվերը պետք է պահել 50 C -ից մինչև 200 C օդի ջերմաստիճանի պայմաններում, իսկ այս դասի ճաքած ձվերը թույլատրվում է օգտագործել սննդի կամ ոչ պարենային ապրանքների արտադրությունում` 00 C -ից մինչև 50 C ջերմաստիճանում պահելու դեպքում:
Ձվերի և ձվամթերքի պահման ու փոխադրման գործընթացների ժամանակ պետք է ապահովել անփոփոխ ջերմաստիճանային պայմաններ, որոնք առավելագույնս կնպաստեն արտադրանքի հիգիենիկ հատկությունների պահպանմանը: Ձվերի փոխադրման ժամանակ ջերմաստիճանային ռեժիմի պահպանման նկատմամբ պետք է իրականացվի հսկողություն:
Արգելվում է ապասառեցված կամ ձնային և սառցային զանգվածով ծածկված փաթեթավորված ձվերի առաքումը:
Փոխադրական տարան (ստվարաթղթե և պլաստմասե արկղերը) և փոխադրամիջոցները, որոնք նախատեսված են ձվերի և ձվամթերքի փոխադրման համար, պետք է ապահովեն դրանց պահպանումը և պաշտպանեն շրջակա միջավայրի անբարենպաստ ֆիզիկական ազդեցություններից (մթնոլորտային տեղումներ, արևի ուղիղ ճառագայթներ և այլն):
Յուրաքանչյուր փոխադրումից հետո փոխադրական տարան ու փոխադրամիջոցները պետք է ենթարկվեն սանիտարական մշակման (լվացման և ախտահանման):
Նշված որոշումը ընդունվել է 2011 թվականի սեպտեմբերի 29-ին։ Օրենքը գործում է առայսօր։