Կալանավորված կանանցից մեկը իր մոտ ուներ 1 տարեկան, 9 ամսական երեխա․ ՔԿՀ-ի պետը չի թույլատրել հանդիպել նրան

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ «Կալանավորված կանայք իրավունք ունեն կալանքի տակ գտնվելու ընթացքում իրենց մոտ պահել մինչև երեք տարեկան իրենց երեխաներին: Նրանց համար ստեղծվում են համապատասխան նյութակենցաղային պայմաններ, կազմակերպվում է մասնագիտացված բուժսպասարկում»:

Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը:

Դիտորդների խմբի անդամները 2019 թ. հունիսին ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ արձանագրել են, որ կալանավորված կանանցից մեկը իր մոտ ուներ 1 տարեկան, 9 ամսական երեխա: Դիտորդները ցանկացել են հանդիպել կալանավորած կնոջը, աակայն քրեակատարողական հիմնարկի պետը չի թույլատրել՝ պատճառաբանելով, որ քննիչի կողմից առկա է արգելանք՝ նշված անձի հետ տեսակցությունները արգելելու վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարարությունը այն դիրքորոշումն է արտահայտել, որ՝1. Խումբն ունի կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք,2. Խումբն իրավասու է անարգել տեսակցել ազատությունից զրկված անձին, եթե առկա չէ տեսակցությունն արգելելու վերաբերյալ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում,3. Խումբն ընդգրկված չէ օրենքով սահմանված այն անձանց/մարմիննեերի շարքում, որոնց թույլատրվում է անարգել տեսակցել ազատությունից զրկված անձանց հետ, եթե առկա է տեսակցությունն արգելելու վերաբերյալ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում:

Նախարարությունը խնդրո առարկայի վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով դիմել է քրեական հետապնդման մարմիններին, որոնցից ստացվել են կարծիքներ, որոնք համահունչ են ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշմանը:

Միաժամանակ Խումբը տեղեկացվել է, որ խնդրո առարկա հարցը ՀՀ արդարադատության նախարարությունը նախատեսում է քննարկել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի մշակման շրջանակներում: Ներկայումս սակայն այդ պրակտիկան դեռ շարունակվում է:

Խմբի աշխատանքները, սակայն, այդ հիմքով նախկինում չէին խոչընդոտվում: Հետագայում խոչընդոտների հիմքում ընկած էին քաղաքական նկատառումները, ինչը հետագայում տարածվեց մյուս կալանավորված անձանց, այդ թվում նաև՝ իրենց մոտ մինևչ 3 տարեկան երեխա ունեցող կանանց նկատմամբ:

Խմբի դիրքորոշումն այն է, որ այդ արգելքները և այդ իմաստով ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրված օրենքի մեկնաբանությունները կամայականության արդյունք են: Ուստի, առաջարկում ենք Խմբի առաքելության նկատմամբ դիրքորոշումը կիրառել նախկին կարգով և այդ հիմքով այլևս չխոչընդոտել խմբի աշխատանքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել