Օգոստոսի 22-ի երեկոյան Դավիթաշենի 4-րդ թաղամասի փողոցներից մեկում վիճաբանություն է եղել: Այս մասին Ժամը 23-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկացել են «Արմենիա» բժշկական կենտրոնից: Հերթապահ բուժքույրը հայտնել է, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով երեք քաղաքացի է հիվանդանոց տեղափոխվել: Սկզբում հիվանդանոց, ապա Դավիթաշենի 4-րդ թաղամաս մեկնած ոստիկաններն անհետաձգելի օպերատիվ- հետախուզական միջոցառումներ են իրականացրել:
Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Դեպքը Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող ռեստորանի դիմաց էր կատարվել: Փողոցի տեսախցիկները ֆիքսել էին ծեծկռտուքը:Դեպքի վայրում ձեռք բերված տվյալների և ստացված տեղեկությունների համադրությամբ ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, տուժողների և նշված ռեստորանի աշխատակցի միջև ծագած վիճաբանության ժամանակ ռեստորանի 30-ամյա աշխատողն իր մոտ եղած ծալովի դանակով երեքին էլ դանակահարել է:
Կասկածյալը, որ Երևանի Մազմանյան փողոցի բնակիչ է, հաղորդումից ժամեր անց իր տնից բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:Նա խոստովանել է կատարածը:
Քրեական օրենսգրքի դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Տեսանյութը՝ ոստիկանության