Կվերանայվի հանրակրթական դպրոցների ֆինանսավորման գործող բանաձևը՝ դպրոցների ծախսերի պլանավորման համար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով կվերանայվի հանրակրթական դպրոցների ֆինանսավորման գործող բանաձևը՝ դպրոցների ծախսերի պլանավորման համար:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հանրակրթական դպրոցների ֆինանսավորման գործող բանաձևը խնդիրներ է առաջացնում փոքր, թերկոմպլեկտավորված դպրոցների ծախսերի պլանավորման համար: Դասարանի փոքր միջին խտություն ունեցող դպրոցների համար պլանավորված միջոցները չեն համապատասխանում հանրակրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ կարիքներին: Ընդ որում, 10-ից փոքր դասարանի միջին խտություն ունեցող դպրոցները կազմում են ընդհանուր դպրոցների թվի շուրջ 30 տոկոսը: Միաժամանակ, մեծաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցները ստանում են իրենց փաստացի ծախսերը զգալիորեն գերազանցող գումար, ինչը ստեղծում է անհավասար պայմաններ:

Դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայումը պայմանավորված է նշված խնդիրների կարգավորման և հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ և արդարացի բաշխման անհրաժեշտությամբ:

Ներկայումս հանրակրթական դպրոցների ֆինանսավորման չափը որոշվում է ՀՀ կառավարության՝ 2006թ. N1262-Ն որոշմամբ հաստատված բանաձևով և ՀՀ ֆինանսների և ՀՀ կրթության և գիտության նախարարների համատեղ հրամաններով հաստատվող բանաձևի գործակիցներով: Բանաձևում առանցքային փոփոխականը դպրոցում սովորող երեխաների թիվն է: Ներկայիս բանաձևը չի ապահովում փոքր, թերկոմպլեկտավորված դպրոցների նվազագույն կարիքներին համապատասխան ֆինանսավորում: Իրավիճակը լուծելու համար մարզերին թույլատրված է վերաբաշխել մարզին հատկացվող միջոցները՝ մեծ դպրոցներին հասանելիք միջոցները ուղղորդելով դեպի փոքր դպրոցներ:

Այնուամենայնիվ, եթե մարզի դպրոցների միջին ցուցանիշները (մասնավորապես՝ դասարանի միջին խտությունը) ցածր է բյուջեի հիմքում դրված ցուցանիշից, խնդիրը չի լուծվում: Շատ դպրոցներ չեն կարողանում ապահովել ուսուցիչների վարձատրությունը՝ բյուջեով նախատեսված ցուցանիշներին համապատասխան:

Նախարարությունը նշում է.

«Առաջարկվում է թերկոմպլեկտավորված դպրոցների ֆինանսավորման բանաձևում նախատեսել նաև նոր փոփոխական՝ դասարանների թիվը: Այս մոտեցումը թույլ կտա.

  • այն դեպքերում, երբ մենք ստիպված ենք պահել փոքր թերկոմպլեկտավորված դպրոց, հատկացնել բավարար գումարը՝ հոգալու դպրոցի նվազագույն ծախսերը, ներառյալ՝ ուսուցիչների աշխատավարձը,
  • վերացնել մարզի կտրվածքով միջոցների վերաբաշխման անհրաժեշտությունը,
  • պետական մակարդակով սահմանել ուսուցչի նվազագույն աշխատավարձի չափը:

Թերկոմպլեկտավորված համարվում են դասարանում սովորողների առավելագույն թվի կեսից պակաս, մինչև նորմատիվային թվով դասարաններ ունեցող դպրոցները: Առանձին գործող ավագ դպրոցների համար որպես դասարանների նորմատիվային թիվ վերցված է 9-ը՝ նկատի ունենալով, որ այդ դպրոցներում ենթադրվում է 3 հոսքերի առկայություն»:

Իրավական ակտի ընդունումը կնպաստի հանրային միջոցների առավել արդյունավետ և արդարացի բաշխմանը, ապահովելով թերկոմպլեկտավորված հանրակրթական դպրոցների բավարար ֆինանսավորում և ուսուցիչների վարձատրության հստակ քաղաքականության իրականացում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել