Կսահմանվի ՀՀ պետական սահմանի օդային տարածությունում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման կարգը

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը oդային տարածությունում պահպանելիս և ՀՀ պետական սահմանի օդային տարածությունում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Որոշումն ընդունվելու դեպքում կսահմանվի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի ուժերի զենքի և (կամ)  մարտական տեխնիկայի կիրառման կարգը, ինչպես նաև կհստակեցվի նշված դեպքերում զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կհաստատվի.

1) ՀՀ պետական սահմանը օդային տարածությունում պահպանելիս զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման կարգը` համաձայն հավելված 1-ի.

2) ՀՀ պետական սահմանի օդային տարածությունում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման կարգը` համաձայն հավելված 2-ի:

  1. Սույն որոշման պահանջների համաձայն զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետին: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի բացակայության և (կամ) նրանց հետ կապ հաստատելու անհնարինության դեպքում, անհետաձգելի և արագ արձագանքում պահանջող գործողությունների նպատակով, զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունքը վերապահել տեղում գտնվող ամենաբարձրաստիճան հրամանատարին:

 Հավելված N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼԻՍ ԶԵՆՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

 Սույն կարգով կարգավորվում են օդային տարածությունում Հայաստանի Հանրապետության պետական սահմանը պահպանելիս զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման հետ կապված հարաբերությունները:

  1. Սահմանված կանոնների խախտմամբ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատած (հատող) օդանավերը կամ այլ թռչող սարքերը ճանաչվում են պետական սահմանի խախտողներ (այսուհետ` օդանավ-խախտողներ): Այդ օդանավերի վերաբերյալ օդային տարածությունում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությանը ներգրավված ուժերը միջոցներ են ձեռնարկում օդանավ-խախտողի պետական պատկանելության որոշման և դրա անձնակազմի հետ կապի հաստատման ուղղությամբ` հետագա գործողությունների վերաբերյալ նրանց ցուցումներ տալու համար:
  2. Օդանավ-խախտողի հետ ռադիոկապի բացակայության դեպքում օդ բարձրացված ռազմական ավիացիայի թռչող սարքերի անձնակազմերը միջոցներ են ձեռնարկում օդանավ-խախտողի հետ տեսողական կապ հաստատելու ուղղությամբ: Այդ նպատակով օդանավ-խախտողի անձնակազմին կործանիչներով տրվում են համապատասխան ազդանշաններ` նրանց համար տեսանելի հեռավորությունից:
  3. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հատումը պայմանավորված է օդանավ-խախտողի անձնակազմի չկանխամտածված գործողություն­ներով կամ արտակարգ հանգամանքներով (օդանավի անվտանգությանը, փրկված մարդկանց տեղափոխմանը, անձնակազմին կամ ուղևորներին շտապ բժշկական օգնության ցուցաբերմանը սպառնացող դժբախտ պատահար, բնական աղետ, օդերևութաբանական պայման, տեխնիկական պատճառներով կողմնորոշման կորուստ և նմանատիպ այլ դեպքերում), վերգետնյա կառավարման կետերը և ռազմական ավիացիայի թռչող սարքերի անձնակազմերը, միջազգային պրակտիկայում ընդունված ռադիոհրահանգների կամ տեսողական ազդանշանների տրմամբ` օգնություն են ցուցաբերում օդանավ-խախտողին կողմնորոշման վերականգնման և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու ուղղությամբ, կամ պահանջում են այդ տարածքում օդակայան` վայրէջք կատարելու համար:
  4. ՀՀ օդային տարածության պահպանումն իրականացնող ուժերի զենքը և (կամ) մարտական տեխնիկան կիրառվում է միայն դրա մտադրության վերաբերյալ պարզ արտահայտված նախազգուշացումից հետո, այն օդանավ-խախտողի վրա, որի անձնակազմը ռադիոհրահանգների կամ տեսողական ազդանշանների ընդունումից հետո հրաժարվում է դրանց ենթարկվել:
  5. Ռազմական ավիացիայի թռչող սարքերի անձնակազմերը խոցման համար զենքի կիրառումից առաջ այդ մասին զգուշացնում են օդանավ-խախտողի անձնակազմին` ռադիո և տեսողական ազդանշանների տրմամբ, իսկ թնդանոթա-հրաձգային սպառազինության առկայության դեպքում` նախազգուշական կրակ վարելով: Ռազմական ավիացիայի կիրառման անհնարինության դեպքում, օդանավի վրա կիրառվում է վերգետնյա ՀՕՊ միջոցների զենքը: Տվյալ դեպքերում օդանավի վրա զենքի կիրառման վերաբերյալ նախազգուշացումը կատարվում է ռադիոկապի միջոցների օգտագործմամբ:
  6. Զենք կիրառող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օբյեկտների վրա զինված հարձակում իրականացնող օդանավ-խախտողների վրա զենքը և (կամ) մարտական տեխնիկան խոցման համար կիրառվում է առանց նախազգուշացման` Հայաստանի Հանրապետության օդային տարածքի վրա, մինչև օդանավ-խախտողի մուտքը այլ պետության օդային տարածք:
  7. Զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառումը դադարեցվում է, երբ օդանավ-խախտողի անձնակազմը սկսում է կատարել վերգետնյա կառավարման կետից կամ ռազմական ավիացիայի անձնակազմերի կողմից տրվող հրահանգները:
  8. Զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառումը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը խախտած հեռահար (ավտոմատ) կառավարվող և չկառավարվող ինքնաթիռների, հրթիռների, աէրոստատների, օդային գնդերի (օդապարիկների) և այլ անօդաչու սարքերի վրա, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանի խախտումը կանխելու այլ միջոցներ:
  9. Օդային տարածությունում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի խախտումը կասեցնելու համար զենքը և (կամ) մարտական տեխնիկան կիրառվում է ռազմական, այդ թվում նաև սպառազինությամբ հագեցված ռազմա-փոխադրական օդանավ-խախտողների վրա:
  10. Օդային տարածությունում Հայաստանի Հանրապետության պետական սահմանը խախտած և տրված հրահանգներին ու ազդանշաններին չենթարկվելու դեպքում զենքը և (կամ) մարտական տեխնիկան կիրառվում է սույն կարգին համապատասխան խախտում կատարող օդանավում ուղևորների բացակայության մասին տեղեկատվությունների առկայության դեպքում: Ուղևորներով օդանավերի վրա զենքը և մարտական տեխնիկան կիրառվում է միայն այն դեպքերում, երբ առկա է իրական վտանգ մարդկանց զոհվելու կամ էկոլոգիական աղետի առաջացման համար (պայմանով, որ սպառվել են օդանավի վայրէջքի համար անհրաժեշտ` իրադրությամբ պայմանավորված, բոլոր միջոցները):
  11. Այն դեպքում, երբ անբարենպաստ օդերևութաբանական պայմանների պատճառով, օդանավ-խախտողի տեսակը և (կամ) պետական պատկանելիությունը հնարավոր չէ որոշել, զենքը և (կամ) մարտական տեխնիկան չի կիրառվում, այլ ձեռնարկվում են միջոցներ ռազմական ավիացիայի անձնակազմերով օդանավ-խախտողի ճանաչման և ռադիոէլետրոնային միջոցներով ուղեկցման ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածքից այլ պետության տարածք դուրս բերելու համար:
  12. Փախցված հայկական օդանավի կամ թռչող այլ սարքի կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանի խախտման կամ դրա վտանգի դեպքում վերգետնյա կառավարման կետերը և ռազմական ավիացիայի թռչող սարքերի անձնակազմերը ռադիոհրահանգների ու տեսողական ազդանշանների տրմամբ պահանջում են այդ օդանավից կամ թռչող այլ սարքից վայրէջք կատարել իրենց կողմից նշված օդակայանում կամ ստիպում են նրանց վայրէջքի:
  13. Փախցված օդանավի կամ թռչող այլ սարքի անձնակազմի կողմից տրված հրահանգներին ու ազդանշաններին չենթարկվելու դեպքում, զենքը և (կամ) մարտական տեխնիկան կիրառվում է սույն կարգին համապատասխան` օդանավում կամ թռչող այլ սարքում պատանդների բացակայության մասին տեղեկությունների առկայության դեպքում:

 Հավելված N 2

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՈՒՄԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԵՆՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ Կ Ա Ր Գ

Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունում (այսուհետ` ՀՀ օդային տարածություն) ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման հետ կապված հարաբերությունները:

  1. ՀՀ օդային տարածության պահպանումն իրականացնող ուժերի զենքը և մարտական տեխնիկան կիրառվում են.

1) ՀՀ օդային տարածության օգտագործման կարգի խախտման դեպքում, եթե`

ա. օդանավը չի արձագանքում վերգետնյա կառավարման կետի ռադիոհրահանգներին` դադարեցնել ՀՀ օդային տարածության օգտագործման կարգի խախտումը, և (կամ) չի արձագանքում իրեն կլանման համար օդ բարձրացված ռազմական ավիացիայի ռադիոհրահանգներին ու տեսողական ազդանշաններին, կամ առանց որևիցէ պատճառաբանության հրաժարվում է ենթարկվել վայրէջքի պարտադրելու ճանապարհով օդանավի թռիչքի կանխման համար տրվող ռադիոհրահանգներին ու տեսողական ազդանշաններին,

բ. օդանավը չի ենթարկվում վայրէջքի պահանջներին և առկա է մարդկանց մահվան կամ էկոլոգիական աղետի առաջացման իրական վտանգ` ոչնչացման եղանակով օդանավի թռիչքը կանխելու համար,

2) ահաբեկչական գործողությունների իրականացման համար օդանավի հնարավոր օգտագործման կամ օդանավի առևանգման և մարդկանց զոհվելու իրական վտանգի ու էկոլոգիական աղետի առաջացման մասին հավաստի տեղեկատվության առկայության դեպքում (այն պայմանով, որ սպառվել են ստեղծված իրավիճակով պայմանավորված վայրէջքի համար անհրաժեշտ բոլոր հնարավոր միջոցները)` ոչնչացման եղանակով օդանավի թռիչքը կանխելու համար:

  1. ՀՀ օդային տարածությունում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման կամ այդպիսի ահաբեկչական գործողությունների կանխման համար միջոցները ձեռնարկում են հակաօդային պաշտպանության խնդիրների կատարմանը ներգրավված զորքերը (ուժերը):
  2. Զենքի և մարտական տեխնիկայի կիրառումն իրականացվում է <<Ահաբեկչության դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով նախատեսված` ահաբեկչական վտանգի աստիճանին համաչափ ձեռնարկվող միջոցների սկզբունքի հիման վրա:
  3. Ահաբեկչական գործողությունների իրականացման սպառնալիքները որոշվում են օդանավի կողմից ՀՀ օդային տարածության օգտագործման կարգի խախտման մասին օդային երթևեկության կազմակերպման համակարգի օպերատիվ մարմիններից ստացվող տեղեկատվության, ինչպես նաև սահմանված կարգի խախտմամբ ՀՀ օդային տարածությունում թռիչք իրականացնող, այդ թվում նաև արգելված գոտու (սահմանափակ թռիչքների գոտու) սահմանին մոտեցող օդանավերի մասին ռադիոլոկացիոն (այդ թվում նաև տեսողական) հետախուզության միջոցներից ստացված տեղեկությունների հիման վրա:
  4. Այն դեպքում, երբ օդանավը խախտում է ՀՀ օդային տարածության օգտագործման կարգը, օդանավի անձնակազմին տրվում են միջազգային պրակտիկայում ընդունված վերգետնյա կառավարման կետերի ռադիոհրահանգներ և (կամ) կլանման համար օդ բարձրացված ռազմական ավիացիայից` ռադիոհրահանգներ ու երաշխավորված դիտարկում ապահովող տարածությունից` տեսողական ազդանշաններ:
  5. Այն դեպքում երբ օդանավը չի արձագանքում տրված ռադիոհրահանգներին և տեսողական ազդանշաններին կամ հրաժարվում է դրանք կատարել առանց պատճառի բացատրության, նշված օդանավերը ռազմական ավիացիայի կողմից պարտադրվում են վայրէջքի` զենքի կիրառման ճանապարհով:
  6. Երբ օդանավը հրաժարվում է կատարելու վայրէջքի պարտադրման պահանջները և առկա է մարդկանց զոհվելու իրական վտանգ կամ էկոլոգիական աղետի առաջացում, այդ թվում նաև ՀՀ ԶՈՒ կողմից պատսպարման ենթակա օբյեկտների վրա օդային հարձակման իրական վտանգ, կիրառվում է զենք և մարտական տեխնիկա` ոչնչացման ճանապարհով թռիչքի կանխման համար:
  7. Մարդկանց զոհվելու իրական վտանգի և (կամ) էկոլոգիական աղետի առաջացման բացակայության դեպքում զենքը և մարտական տեխնիկան խոցման համար չի կիրառվում:
  8. Խոցման համար օդանավի վրա զենքն ու մարտական տեխնիկան կիրառելիս.

1) ռազմական ավիացիայի թռչող սարքի անձնակազմը, խոցման համար զենքը կիրառելուց առաջ, այդ մասին զգուշացնում է օդանավի անձնակազմին` ռադիոհրահանգների և տեսողական ազդանշանների տրմամբ, իսկ առկա թնդանոթա-հրաձգային սպառազինությամբ` նախազգուշական կրակ վարելով (անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում): Նախազգուշական կրակի վարման որոշումն ընդունում է թռչող սարքի անձնակազմը, ինչի մասին անմիջապես զեկուցում է հրամանատարական կետ,

2)  ռազմական ավիացիայի թռչող սարքերի կիրառման անհնարինության դեպքում, օդանավի վրա կիրառվում է վերգետնյա ՀՕՊ միջոցների զենքը: Տվյալ դեպքերում օդանավի վրա զենքի կիրառման վերաբերյալ նախազգուշացումը կատարվում է ռադիոկապի միջոցների օգտագործմամբ,

3) զենքի և մարտական տեխնիկայի կիրառումը դադարեցվում է եթե օդանավի անձնակազմի կողմից կատարվում են տրվող ռադիոհրահանգների, տեսողական ազդանշանների և (կամ) թռչող սարքի կողմից նախազգուշական կրակի վարման միջոցով տրվող հրամանի պահանջները,

4) առանց նախազգուշացման խոցման համար օդանավի վրա զենքը և մարտական տեխնիկան կարող է կիրառվել, եթե առկա է հավաստի տեղեկություն` օդանավը ահաբեկչական ակտի հնարավոր  օգտագործման կամ օդանավի առևանգման մասին և առկա է իրական վտանգ մարդկանց զոհվելու կամ էկոլոգիական աղետի առաջացման համար (պայմանով, որ սպառվել են օդանավի վայրէջքի համար անհրաժեշտ` իրադրությամբ պայմանավորված, բոլոր միջոցները):

  1. Օդանավն ահաբեկչական գործողությունների իրականացման նպատակով օգտագործման համար տեղեկատվության հավաստիությունը որոշում են պաշտոնատար անձինք` ՀՀ պաշտպանության նախարարության կողմից սահմանված կարգով, ՀՀ ԱԱԾ հետ համատեղ:
  2. Զենքը և մարտական տեխնիկան օդանավի վրա կիրառելիս ձեռնարկվում են միջոցներ.

1) օդանավի կլանման ընթացքում` թռիչքների անվտանգության ապահովման, ռազմական ավիացիայի կողմից հարակից պետությունների օդային տարածության խախտումներն ու հարակից պետությունների տարածք խոցման միջոցների անկումը չթույլատրելու համար,

2) զենքի և մարտական տեխնիկայի կիրառման արդյունքում այլ օդանավերի խոցումը բացառելու, այդ շրջանում գտնվող մարդկանց զոհվելը և (կամ) էկոլոգիական աղետի վրահասնելը  չթույլատրելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել