ՀՔԾ-ն քիչ առաջ ձերբակալել է իմ վարորդ, իմ օգնական, իմ ընկեր Արամ Բարսեղյանին. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ՀՔԾ-ն ձերբակալել է իր վարորդին ու օգնականին:

«ՀՔԾ-ն քրեական գործերից մեկով քիչ առաջ ձերբակալել է իմ վարորդ, իմ օգնական, իմ ընկեր Արամ Բարսեղյանին, ում մեղադրում են պետական միջոցների վատնման մեջ:

Դա արվել է մի գործի շրջանակներում, որը արդեն մի քանի ամիս է, ինչ հարուցված է, և այդ ընթացքում Արամը բազմիցս բացակայել է երկրից և վերադարձել՝ լավ հասկանալով, որ հետապնդման վտանգ կա:

Այն, որ իմ և իմ շրջապատի հանդեպ «կեղտ որոնելու» աշխատանքները տարվում են իշխանափոխության հենց սկզբից, ես վաղուց գիտեի: Տեսնելով, որ ուղղակի ինձ վրա գործ սարքել չի ստացվում, այս իշխանություններն անցել են իմ ընկերներին և բարեկամներին:

Վարդավառին խալի լվալու համար մեկ օրում 5 000 000 դրամ մսխած իշխանությունները, որոնք իրենց ապիկար և անպիտան կադրերին տասնյակ միլիոնավոր ապօրինի պարգևավճարներ են բաժանել, որոնք պետական բյուջեի հաշվին ընտանեկան շռայլ շրջագայություններ են անում, որոնք իրենց ծանոթ-բարեկամներին բերել-խցկել են ԱԺ և կառավարություն, իմ օգնականին մեղադրում են, որ 2009-2016 թվականներին բանվոր կամ էլի վարորդ է ձևակերպված եղել՝ օրուգիշեր իր աշխատանքի համար մի քանի տասնյակ հազար դրամ ավել վաստակելու համար:

Արամը համեստ կենցաղով, համեստ պահվածքով հայ մարդ է: Իմ գործընկերներից շատ-շատերը, այդ թվում՝ այսօրվա ԱԺ-ում և Կառավարությունում աշխատող, գիտեն այդ մասին: Եթե ապացուցվի, որ Արամ Բարսեղյանը վնաս է տվել պետական բյուջեին, միանշանակ է, որ այդ գումարը կվերականգնվի ժամանակին և ամբողջությամբ, իմ և իր այլ ընկերների օգնությամբ:

Իմ մտերիմ մարդու ձերբակալությունը բացառապես քաղաքական է և ուղղակիորեն կապված է իմ անձի հետ: Իմ հնչեցրած փաստարկված քննադատությանն իշխանությունը պատասխանում է նման ցածր, էժան քայլերով՝ փորձելով ինձ լռեցնել իմ մերձավորների նկատմամբ քրեական հետապնդման միջոցով։

Ակնհայտ է, որ տվյալ հանձնարարականը տրվել է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից:

Չի հաջողվելու։

Լսեք, ձեզ ինչ եմ ասում. եթե իմ հետ հարց ունեք, եթե ես եմ ձեզ խանգարում, եթե իմ «հախից եք» ուզում գալ, բարի եղեք իմ հետ էլ ձեր հարցերը լուծեք: Թե չէ հարազատներիս նման կերպով ներքաշելը ո՛չ մարդկային է, ո՛չ տղամարդկային, ո՛չ էլ բարոյական: Իսկ իրավական դաշտում՝ նաև խոցելի:

Հայտնում եմ նաև, որ Արամի պաշտպանությունը իրականացնելու է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Դեռ այսքանը»:

Հ.Գ. Շարահյուսությունն ու կետադրությունը՝ հեղինակի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել