ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ Արթուր Իսրայելյանը:
Այս մասին հայտնում են ԵՊՀ մամուլի ծառայությունից:
Նշենք նաև, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի նախկին տնօրեն, ԵՊՀ ասիստենտ Ռաֆայել Բարխուդարյանը:
Արթուր Իսրայելանն ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը: 1999-2000 թթ. նա Դամասկոսի արաբերեն լեզվի ինստիտուտում մասնակցել է օտարերկրացիների համար նախատեսված հատուկ դասընթացին: 2002-2004 թթ. սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի մագիստրատուրայում:
2004-2007 թթ. եղել է Դամասկոսի համալսարանի բանասիրության և հումանիտար գիտությունների ֆակուլտետի պատմության ամբիոնի ասպիրանտ: 2007 թվականին Դամասկոսի համալսարանում պաշտպանել է «Պատերազմական արվեստը Մամլուք Բահիրիների դարաշրջանում (1250-1382 թթ.)» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Արթուր Իսրայելյանը 2008 թվականից ԵՊՀ արաբագիտության ամբիոնի դասախոս է: 2010-2014 թթ. նա եղել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի արևելյան լեզուների ամբիոնի հիմնադիր-վարիչը: 2011 թվականից Արթուր Իսրայելյանը ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ է, 2015 թվականից՝ ԵՊՀ չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի ղեկավարը: 2014-2019 թթ. Արթուր Իսրայելյանը եղել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի՝ արտաքին կապերի գծով տեղակալը: 2019 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնը:
Արթուր Իսրայելյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է հայ-արաբական պատմամշակութային առնչությունները, արաբական աշխարհը միջազգային հարաբերություններում, իսլամագիտությունը, արաբական միջնադարյան պատմությունը և մշակույթը, կորեագիտությունը, չինական պատմագրությունը և գրերը:
Արթուր Իսրայելյանը մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների և դրամաշնորհային ծրագրերի: 2009 թվականին Կահիրեում նա արժանացել է «Արաբերեն լեզու և մշակույթ» և «Հայ-եգիպտական 15-ամյա դիվանագիտություն և բարեկամություն» հուշամեդալների, իսկ 2014 թվականին՝ ԵՊՀ ռեկտորի շնորհակալագրի:
Արթուր Իսրայելյանը «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ է:
Ռաֆայել Բարխուդարյանն ավարտել է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը, 2004-2007 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: 2007 թվականին պաշտպանել է «Որոշ եզրային խնդիրների սեփական ֆունկցիաներով վերլուծությունների զուգամիտության արագացում» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով ֆիզմաթ. գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2000-2005 թթ. Ռաֆայել Բարխուդարյանն աշխատել է «Boomerang Software» ընկերությունում՝ որպես ծրագրավորող: 2004-2007 թթ. եղել է Մաթեմատիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, իսկ 2005-2007 թթ.՝ ԵՊՀ օպտիմալ կառավարման տեսության և մոտավոր մեթոդների ամբիոնի դասախոս: 2007-2011 թթ. նա զբաղեցրել է Մաթեմատիկայի ինստիտուտի գիտական քարտուղարի պաշտոնը, իսկ 2011-2014 թթ. եղել է ինստիտուտի փոխտնօրենը: 2014-2019 թթ. Ռաֆայել Բարխուդարյանը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը: Ռաֆայել Բարխուդարյանը ԵՊՀ ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի ասիստենտ է:
Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է Պադեի մոտարկումները, ֆունկցիոնալ շարքերի զուգամիտության արագացումը, թվային մեթոդները և զուգահեռ ծրագրավորումը:
Ռաֆայել Բարխուդարյանը մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների և դրամաշնորհային ծրագրերի: Նա
Մաթեմատիկայի ինստիտուտի գիտական խորհրդի, «Armenian Journal of Mathematics»-ի խմբագրության անդամ է: Բացի դրանից՝ նա անդամակցում է Հայկական մաթեմատիկական միությանը, Եվրոպական մաթեմատիկական միությանը և Ամերիկյան մաթեմատիկական միությանը: