Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագիծ: «Հայաստանի Հանրապետության 2019-2023թթ. զբաղվածության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի արդյունքում ակնկալվում է զբաղվածության խթանման միջոցով աշխատող աղքատների թվաքանակի կրճատում, աշխատանքի վարձատրության համակարգի արդիականացում, աշխատանքային իրավունքի ինստիտուտի հետևողական կայացում` ուղղված աշխատողների պաշտպանվածության վստահելիության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը: Միաժամանակ նախատեսվում է, որ կհաջողվի կրճատել ոչ ֆորմալ զբաղվածությունը, կապահովվի աշխատանքի շուկայում աշխատուժի առաջարկի և պահանջարկի հավասարակշռության հնարավորինս բարձր մակարդակ, կկրճատվի բնակչության շրջանում գործազրկությունը, կապահովվի անձի համար արժանապատիվ աշխատանքի երաշխիքներ։
Նախագծով նախատեսվում է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը` եռամսյա ժամկետում կմշակի և կառավարությանը կներկայացնել ՀՀ 2019-2023 թվականների զբաղվածության ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը:
Ռազմավարությամբ ամրագրվում է, որ կառավարության զբաղվածության ռազմավարության առաքելությունը կայանում է ներառական հենքի վրա տնտեսական միջավայրի ու մարդկային կապիտալի զարգացման, զբաղվածության ոլորտի արդյունավետ կառավարման արդյունքում բնակչության զբաղվածության մակարդակի բարձրացումը, սոցիալական երաշխիքների ապահովումը և աշխատունակ հասարակության արժանապատիվ աշխատանք ունենալու հնարավորությամբ՝ զբաղվածների ու նրանց ընտանիքների կյանքի որակի շարունակական բարելավման խթանումը:
Զբաղվածության ռազմավարության շրջանակներում դիտարկվում են հետևյալ չորս գլխավոր նպատակային հենասյուները կամ մակրոնպատակները.
- Ներառական տնտեսական զարգացման ապահովմամբ՝ ակտիվ աշխատաշուկայի ձևավորումը, բնակչության երկարաժամկետ գործազրկության մեղմումն ու կայուն զբաղվածության ապահովումը։
- «Կրթություն-աշխատաշուկա» արդյունավետ փոխառնչության ձևավորումը։
- Արժանապատիվ աշխատանքի ապահովումը բոլոր համապատասխան սոցիալական խմբերում՝ տարածաշրջանային բևեռացումների զսպմամբ։
- Զբաղվածության միջոցով կյանքի որակի բարձրացմանը նպաստելը, միջին խավի ընդլայնումը:
Զբաղվածության ռազմավարության հիմքում դրվում են այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են զբաղվածության քաղաքականության ինստիտուցիոնալ բարեփոխումներն ու զարգացումները, զբաղվածության նոր ակտիվ ծրագրերի ներդրումը, դրանց վերաբերյալ հանրության շարունակական իրազեկումը, զբաղվածության երիտասարդակենտրոն քաղաքականության ակտիվացումը: Միաժամանակ որպես առաջնային թիրախային խմբեր ամրագրվում են նաև հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցները և ոչ մրցակցային գիտելիքներ ու կարողություններ ունեցող անձինք։ Ռազմավարության մեկ այլ կարևոր մոտեցում է մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված զբաղվածության քաղաքականության իրականացումը, գիտելիքահեն ու աշխատաշուկայի որակական և քանակական պահանջներին համարժեք աշխատուժի առաջարկի ձևավորումը, կրթություն-աշխատաշուկա փոխադարձ համապատասխանեցման արդյունքում տնտեսության պահանջմունքներին համապատասխան որակյալ աշխատուժի ձևավորում և աշխատաշուկա մուտքի ապահովում, մասնագիտական կողմնորոշման ու կարիերայի զարգացման ծրագրերի ամբողջական գործարկում։
Ռազմավարության կարևոր սկզբունքներից է նաև գործատուների հետ պրոակտիվ համագործակցության խթանումը, նրանց ներգրավումը աշխատուժի ձևավորման, գործազուրկների աշխատաշուկա մուտքի, աշխատուժի գիտելիքների, կարողությունների և հմտությունների շարունակական զարգացման գործընթացներում, ինչպես նաև գործատուների շրջանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ինստիտուտի կայացմանն աջակցությունը, որը կդրսևորվի սոցիալական ձեռնարկատիրության ինստիտուտի ամբողջական ներդրմամբ։
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ ներգրավված փորձագետների և աշխատանքի սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի մասնագետների մասնակցությամբ: