Հաշմանդամության սահմանման մոդելից՝ ֆունկցիոնալության գնահատման մոդել. նոր օրենք է մշակվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ֆունկցիոնալության գնահատման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Այս օրենքով նախատեսվում է հաշմանդամության սահմանման մոդելից անցնել ֆունկցիոնալության գնահատման մոդելի, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիանալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության և մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության:

Նախագծով նաև նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ և հաշմանդամ երեխա), սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝  թեթև, միջին, ծանր, խորը:

Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում հաշմանդամների սոցիալական պաշտպանության հետ կապված հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» 1993 թվականին ընդունած Հայաստանի Հանրապետության օրենքով: Օրենքի 6-րդ, 6-1-րդ, 6²-րդ հոդվածներով սահմանված են  հաշմանդամության սահմանմանն առնչվող դրույթները: Հաշմանդամության սահմանման հիմքում դրված է անձի կենսագործունեության սահմանափակման աստիճանը. հաշմանդամ են ճանաչվում հիվանդության, վնասվածքների կամ խեղման  հետևանքով կենսագործունեության սահմանափակում ունեցող անձինք:

Կենսագործունեության սահմանափակման հիման վրա հաշմանդամության սահմանումն առավելապես բխում է բժշկական չափանիշներից, այսինքն, հիմնված է բժշկական մոդելի վրա:

Գործող օրենսդրությամբ հաշմանդամություն ունեցող անձ է համարվում այն անձը, ով առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետևանքով ունի սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն: Այս համատեքստում hաշմանդամություն ունեցող անձը դիտարկվեւմ է որպես առողջական խնդիրներ ունեցող անձ, ոըը կարիք ունի պաշտպանության: Չի իրականացվում անձի կարողությունների բազմակողմանի գնահատում և  հաշվի չեն առնվում շրջակա միջավայրի  գործոնները: Գնահատման նպատակը առավելապես հաշմանդամ ճանաչել կամ չճանաչելն է, որով էլ պայմանավորված են լրացուցիչ արտոնությունները:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, հաշմանդամությունը սահմանվում է որպես մարդու ֆիզիկական և մտավոր խնդիրների ու շրջակա միջավայրի խոչընդոտների փոխազդեցության արդյունքում գործունեության և մասնակցության սահմանա­փակում. հաշմանդամություն ունեցող անձ է համարվում այն անձը, ով ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական տևական խնդիրների և տարբեր արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետմասնակցության սահմանափակում: Այս համատեքստում  հաշման­դամությունն այլևս չի դիտարկվում որպես մշտական առողջական խնդիր, այլ ընկալվում է որպես գործունեության սահմանափակումների կրճատմանն ու մասնակցության ընդլայնմանն ուղղված միջամտություններ (աշխատանք, կրթություն, ընտանեկան և համայնքային կյանք, սպորտ ու մշակույթ և այլն)՝ շրջակա միջավայրում առկա ֆիզիկական և վերաբերմունքային խոչընդոտները վերացնելու, լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու ու ծառայություններ տրամադրելու միջոցով:

Հավելենք, որ ֆունկցիոնալության գնահատման կենտրոնները նախատեսվում են տեղակայել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում (ՀՍԾՏԿ), հետևաբար կենտրոնների ստեղծման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվի: Ներկայումս բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները, որոնք իրականացնում են հաշմանդամության սահմանման գործընթացը,  մեծամասամբ տեղակայված են վարձակալությամբ տրամադրված տարածքներում, որտեղ չկան բավարար պայմաններ քաղաքացիներին պատշաճ սպասարկելու համար: ՀՍԾՏԿ-ներում գնահատման կենտրոնները կունենան բոլոր պայմանները քաղաքացիների սպասարկման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել