Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր:
Նախագծերի ընդունման նպատակն է բարելավել հիփոթեքային վարկավորման ինստիտուտը և թեթևացնել կյանքի որոշակի դժվար իրավիճակներում հայտնված անձանց վարկային բեռը՝ ապահովելով բնակարանաշինության զարգացմանն ու բնակարանային ապահովմանն ուղղված պետական քաղաքականության շարունակականությունը:
Նախագծերով առաջարկվում են հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է «հիփոթեքային արձակուրդ» հասկացությունը և դրա տրամադրման առնչությամբ առանցքային դրույթները:
2.«Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով «կյանքի դժվարին իրավիճակներում» հայտնված վարկառուներին տրվում է հիփոթեքային արձակուրդ վերցնելու մեկանգամյա հնարավորություն: Միաժամանակ, սահմանվում է կրեդիտավորողի պարտավորությունը՝ հիփոթեքային արձակուրդի տրամադրման պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը կրեդիտավորման պայմանագրում ներառելու:
Նախագծով սահմանվում են նաև այն պայմանները, որոնք համարվում են «կյանքի դժվարին իրավիճակ»: Այդ պայմաններին բավարարելու դեպքում վարկառուն կարող է դիմել մինչև 6 ամիս ժամկետով հիփոթեքային արձակուրդ ստանալու նպատակով՝ կողմերի միջև համաձայնեցված պայմաններով: Արտոնյալ ժամկետի ավարտից հետո վճարումները շարունակվում են կրեդիտավորման պայմանագրով սահմանված նախնական պայմաններով, իսկ հիփոթեքի պայմանագրի ժամկետը կողմերի միջև կնքված համաձայնագրով երկարացվում է արձակուրդի տևողության չափով:
Նախագծի ընդունման դեպքում «Հիփոթեքային արձակուրդից» օգտվելու դեպքում վարկը վարկի դասակարգումը չի փոխվի, տույժեր և տուգանքներ չեն գանձվի, ինչպես նաև դա որևէ կերպ չի արտացոլվի ընթացիկ վարկային զեկույցներում (վարկային պատմություն): Իսկ վարկատուների շահերը կշարունեն մնալ պաշտպանված անշարժ գույքի գրավով, կանխավճարով, ինչպես նաև լրացուցիչ ռեզերվ ստեղծելու անհրաժեշտության բացակայությամբ:
Նախագծով առաջարկվում է նաև «հիպոտեկ» հասկացությունը փոխարինել «հիփոթեք» հասկացությամբ, ինչը թույլ կտա ապահովել ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ կիրառվող հասկացությունների միասնականությունը:
Հավելենք նաև, որ նախագիծը մշակվել է միջազգային լավագույն փորձին համահունչ, և դրա ընդունումը թույլ կտա զգալիորեն թեթևացնել դժվար կացության մեջ հայտնված վարկառուների ֆինանսական բեռը, որոնց կյանքի պայմանները փոխվել են հիփոթեքային վարկ ստանալուց հետո: Առաջարկվող փոփոխություններն ուղղված են նաև վարկառուների գույքային իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքների ապահովմանը, հաշվի առնելով, որ կրեդիտավորման պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում վարկառուն կարող է զրկվել իր միակ բնակարանից: