Նախկին քննիչին մեղադրանք է առաջադրվել շուրջ 6.5 միլիոն դրամի իրեղեն ապացույցների, ոսկյա զարդերի հափշտակության, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գառնիկ Սիմոնյանը, 2014-2017 թթ-ին զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի պաշտոնը, իր վարույթում քննված երեք տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում կատարել է իրեն վստահված շուրջ 6.5մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով իրեղեն ապացույցների և ոսկյա զարդերի հափշտակություններ, որից հետո հիշյալ հափշտակությունների փաստը քողարկելու նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք:

Այս մասին հայտնում ենք Հատուկ քննչական ծառայությունից:

Ըստ առաջադրված մեղադրանքի` քննիչ Գառնիկ Սիմոնյանը հափշտակություն կատարելու դեպքի առթիվ իր վարույթում քննված քրեական գործով կատարած նախաքննության ընթացքում՝ 17.08.2015թ.-ին, վարկային կազմակերպությունից առգրավել է քաղաքացու կողմից այնտեղ գրավադրված առանձնապես խոշոր չափերով՝ 3.995.005 ՀՀ դրամի ոսկու և արծաթի ձուլակտորներն ու զարդերը և, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մինչ քրեական գործը դատարան ուղարկելը, յուրացման եղանակով հափշտակել է դրանք։ Այնուհետև, հափշտակության փաստը քողարկելու նպատակով, Գառնիկ Սիմոնյանը 07.02.2017թ.-ին կազմել է վերը նշված ձուլակտորներն ու զարդերը իրեղեն ապացույց ճանաչելու և դրանք ՀՀ կենտրոնական բանկի պահպանությանը հանձնելու մասին կեղծ որոշում, ապա նույնաբովանդակ կեղծ տեղեկություններ է մտցրել նաև նույն օրը կազմած մեղադրական եզրակացության հավելվածում, այն դրել փաստաթղթաշրջանառության մեջ և քրեական գործի հետ ուղարկել դատախազություն:

Բացի այդ, նույն վարկային կազմակերպությունից հափշտակություն կատարելու մեկ այլ դեպքի առթիվ 01.08.2016թ.-ին հարուցած քրեական գործի նախաքննության ընթացքում Գառնիկ Սիմոնյանը նշված կազմակերպությունից առգրավել է հանցագործության առարկա հանդիսացող 1.040.156 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով զարդերը և դարձյալ յուրացման եղանակով հափշտակել դրանք, ապա` հափշտակության փաստը քողարկելու նպատակով կրկին կազմել է կեղծ որոշում և նույնաբովանդակ կեղծ տեղեկությունները ներառել նաև պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող մեղադրական եզրակացության հավելվածում և այն քրեական գործի հետ ուղարկել դատախազություն:

Դրանից բացի, իր վարույթում քննված ևս մեկ քրեական գործի նախաքննության ընթացքում կայացրած որոշմամբ քննիչը վարկային կազմակերպությունից առգրավել է 2016 թվականի ընթացքում այնտեղ գրավադրված խոշոր չափերով՝ 1.424.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ոսկյա զարդերը և յուրացման եղանակով հափշտակել դրանք։ Այնուհետև, հափշտակության փաստը քողարկելու նպատակով, հիշյալ ոսկյա զարդերն առգրավելու հիմք հանդիսացած որոշումն ու առգրավման արձանագրությունը չի կցել քրեական գործի նյութերին, իսկ 02.06.2017թ.-ին կայացրած՝ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշմամբ որևէ կերպ չի անդրադարձել հիշյալ ընկերությունից ոսկյա զարդերը առգրավելու կամ վերադարձնելու հանգամանքին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Գառնիկ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով /2 դրվագ/, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/ և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում վարկային կազմակերպությանը հասցված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել