Ազգային ժողովի փոխնախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը հայտարարույթուն է տարածել ավտովթարները կանխարգելող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:
«Հատկապես վերջին շրջանում ավելի շատ ենք տեղեկանում ավտովթարների հետևանքով մահվան ելքով պատահարների մասին։
Խնդիրը պահանջում է շտապ օրենսդրական և կանխարգելող քայլեր։
Այսօր մեր նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրեցինք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար նախատեսել տուգանք՝ 150.000 ՀՀ դրամի չափով։ Փորձը ցույց է տալիս, որ ներկայումս գործող տուգանքը՝ 30.000 ՀՀ դրամ, բավարար չափով զսպող ուժ չունի և չի նպաստում նման խախտումների թվի նվազմանը:
Հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար պատասխանատվության զգալի խստացումը կնպաստի այդ՝ ամենավտանգավոր և ամենամահաբեր խախտումներից մեկի թվի զգալի նվազեցմանն ու կանխարգելմանը»,-նշել է նա: