Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 3-ին «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքը:
Այն ուժի մեջ է մտել հուլիսի 11-ին:
Օրենքով կարգավորվում են վարչական իրավախախտում կատարած և պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող անձանց նկատմամբ համաներման հետ կապված հարաբերությունները:
Այս օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն վարչական իրավախախտում կատարած անձինք ազատվում են մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածով (ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով երթևեկելը) և 137.2-րդ հոդվածի 7-րդ մասով (Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելը) նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտավորությունից:
2-րդ կետի համաձայն, մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019 թվականի հունվարի 1-ը «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.5-րդ (Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը – Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կազմակերպելը) և 15.6-րդ կետերով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող անձինք ազատվում են պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, մարվել է պետական տուրքի մայր գումարը:
3-րդ կետի համաձայն, վերոնշյալ վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված վարչական ակտերի, ինչպես նաև այդ վարչական իրավախախտումների վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտերի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներն օրենքով սահմանված կարգով ենթակա են կարճման` կատարողական վարույթի կողմերին ազատելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածով (Կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման կարգը) նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
Ըստ 4-րդ կետի, նշված պետական տուրքի գծով պարտավորությունների վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերով դրամական պահանջների հիման վրա հարուցված կատարողական վարույթներն օրենքով սահմանված կարգով ենթակա են կարճման` կատարողական վարույթի կողմերին ազատելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածով (Կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման կարգը) նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
Իսկ մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը վարչական իրավախախտումներ կատարած անձինք, անկախ նրանց` տուգանքը վճարած լինելու հանգամանքից, սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից համարվում են վարչական տույժի չենթարկված: