Արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել նախագիծ՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ:
Նշվում է, որ նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ, լիարժեք և վճռական պայքար մղել քրեական միջավայր երևույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանումը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, քրեական միջավայրին հարելը կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելը, քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը լուրջ մարտահրավեր է հասարակության համար, քանի որ այդպիսի երևույթները սպառնում են խաթարել կամ աղավաղել հասարակության մեջ ձևավորված արժեքներն ու պատկերացումները:
Այդ իսկ պատճառով քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական միջավայրին հարելու կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելու, քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեմ պայքարը պետք է լինի յուրաքանչյուր պետության քրեական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը: Ընդ որում, քրեական միջավայրի, դրա կողմից սահմանված ու ճանաչված հատուկ վարքագծի կանոնների տարածման դեմ պետք է դրսևորել համակողմանի մոտեցում, այսինքն՝ պետք է քայլեր ձեռնարկել ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական մակարդակներում:
Այս մոտեցման կարևորագույն մասերից է կազմում գործող օրենսդրական կարգավորումների և նախատեսվող փոփոխությունների պայմաններում գործնական սկզբունքների այնպիսի համակարգի ապահովումը, որն ուղղված է քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական միջավայրին հարելու կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելու, քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու ազդեցության նվազեցմանը՝ ընդհուպ մինչև դրա լիովին բացառմանը:
Այս պայմաններում հարկ է նշել, որ ներկայումս ՀՀ քրեական օրենսգրքով քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, քրեական միջավայրին հարելը կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելը, քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը, որի հետևանքով հնարավոր չի լինում լիարժեքորեն ու վճռականորեն պայքարել և կանխել այդ արատավոր երևույթները: Այլ կերպ՝ քրեական միջավայրի չեզոքացման և հետագա հաղթահարման ռազմավարությունը մեր հանրապետությունում դեռևս մշակված չէ: Այս առումով օրենսդրորեն այն ամրագրելու անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակության լայն շերտերի շրջանում այն կանխելու միտումով, քանզի պետք է գիտակցել, որ դրա դեմ պայքարը նպաստելու է միջանձնային հարաբերությունների, մարդկանց արժեհամակարգի բարելավմանը, ինչպես նաև վարքագծի կանոնների փոփոխմանը:
Նշվում է նաև, որ ՀՀ որոշ հաստատություններում գոյություն ունեցող քրեական միջավայրի առկայությանն անդրադարձ են կատարել նաև միջազգային հանրաճանաչ կառույցները:
Նախագծի կարգավորումներով առաջարկվում է քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական միջավայրին հարելու կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելու, քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար նախատեսել քրեական պատասխանատվություն: Բացի այդ, նախատեսվել է խրախուսական նորմ:
Հիմքում ունենալով իրավական որոշակիության սկզբունքի առավելագույնս պահպանումը՝ Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքում լրացվող 223.1-րդ, 223.2-րդ հոդվածներով առաջարկվում է սահմանել «քրեական միջավայր», «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» հասկացությունները՝ այդպիսով ապահովելով նշված հասկացությունների բովանդակության կանխատեսելիությունը:
Նշվում է, որ նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է նաև հետխորհրդային երկրների փորձը, ինչպես նաև ՄԻԵԴ նախադեպային պրակտիկան:
Ըստ նախագծի հիմնավորման, Վրաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում վաղուց նախատեսվել է քրեական պատասխանատվություն գողերի ընկերակցությանն անդամակցելու, ինչպես նաև «օրենքով գողի» կարգավիճակ ունենալու համար: Հատկանշական է, որ Վրաստանի «Կազմակերպված հանցավորության և բանդիտիզմի մասին» օրենքով էլ տրվել են «գողական աշխարհ», «գողական աշխարհի անդամ», «օրենքով գողի հեղինակությունն օգտագործելով վեճերի կարգավորում», «օրենքով գող» հասկացությունների բացատրությունները:
Վրացական փորձի մասին առավել համապարփակ պատկերացում ունենալու համար հարկ ենք համարում անդրադարձ կատարել ՄԻԵԴ նախադեպային պրակտիկային, մասնավորապես՝«Աշլարբան ընդդեմ Վրաստանի» թիվ 45554/08 գանգատին: Նշված գանգատի շրջանակներում ՄԻԵԴ-ն արձանագրում է, որ անշուշտ, համապատասխան ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «գողական աշխարհի» գոյությունը և գործունեությունը արատավորել են ոչ միայն բանտային հատվածը, այլև լայն տարածում են ստացել Վրաստանի հանրության շրջանում՝ ներառելով խոցելի անդամներին, հատկապես երիտասարդներին: Հաշվի առնելով այս ուսումնասիրությունները և Վրաստանի կառավարության ներկայացրած փաստարկները՝ ՄԻԵԴ-ը նկատում է, որ հանցավոր երևույթն այնքան խորն էր արմատավորված հասարակության շրջանում, և «օրենքով գողերի» հասարակական հեղինակությունն այնքան բարձր էր, որ շարքային անդամների շրջանում «գողական աշխարհ», «օրենքով գող», «օրենքով գողի հեղինակությունն օգտագործելով վեճերի կարգավորում», «օբշյակ» և այլ հասկացություններ համարվում էին ընդհանուր գաղափարներ և լայնորեն ընկալելի էին:
ՄԻԵԴ-ը նշել է նաև, որ բավականաչափ հետաքրքիր է, որ Վրաստանի օրենսդիր մարմինը այդ հանցագործությունների իրավական սահմանումները տալիս խոսակցական լեզուն պահպանելու ուղին է ընտրել: ՄԻԵԴ-ի կարծիքով՝ դա ակնհայտորեն արվել է` քրեորեն պատժելի նոր հանցագործությունների էությունը հանրության կողմից ավելի հեշտ ընկալելի լինելն ապահովելու համար:
ՄԻԵԴ-ը նկատում է, որ 2005 թվականի դեկտեմբերի 20-ի օրենսդրական փաթեթի նպատակն էր ընդլայնել կազմակերպված հանցավորության դեմ պայքարը:
Բացի այդ, օրենսդրության կարևոր մասերից էր այդ փոփոխությունների կատարման օրն ընդունված «Կազմակերպված հանցավորության և բանդիտիզմի մասին» օրենքը, որի 3-րդ բաժնում համակողմանիորեն մեկնաբանված են հասարակությանը արդեն ծանոթ այնպիսի եզրույթներ, ինչպիսիք են «գողական աշխարհ», «գողական աշխարհի անդամ», «օրենքով գողի հեղինակությունն օգտագործելով վեճերի կարգավորում», «օրենքով գող» և այլն: Հետևաբար ՄԻԵԴ-ը համարում է, որ Վրաստանի քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածը, երբ դիտարկվում է «Կազմակերպված հանցավորության և բանդիտիզմի մասին» օրենքի 3-րդ մասում ամրագրված հասկացությունների իրավական սահմանումների հետ համակցության մեջ, շարքային անձի ուշադրությանն է արժանացնում քրեական նոր հանցագործությունների բոլոր անհրաժեշտ բաղադրիչները՝ կապված «գողական աշխարհի» գործունեության հետ: Այդպիսով, ապահովվում է նաև իրավական որոշակիության սկզբունքը:
Նշված նախագծից զատ, առաջարկվում է, Նախագծի կարգավորումներին համահունչ, համապատասխան լրացում կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում: