Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի հանդիպման կապակցությամբ, որում ասվում է.
«Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը ստացել է ծանուցում, որ հուլիսի 16-ին տեղի կունենա Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահագրգիռ կողմերի խմբի հանդիպում՝ դրա նոր անդամների ընտրության թեմայով, որին հրավիրված են հանքարդյունաբերության ոլորտով հետաքրքրված քաղաքացիական հասարակության անդամները։
Որպես բնապահպանական նախաձեռնություն՝ մենք համարում ենք, որ 2015 թվականից միջազգային այս ձևաչափի ներմուծումը Հայաստան նախկին կառավարության կողմից չի ծառայում մեր երկրում հանքարդյունաբերության ոլորտում առկա խնդիրները լուծելուն։ Մենք այդ մասին հայտարարել ենք դեռևս 2015 թվականի առաջին հանդիպման ժամանակ և հրաժարվել ենք մասնակցել այդ գործընթացին, քանի որ այն ոչ մի առնչություն չունի բնապահպանության հետ։ Ավելին, կասկածներ ունենք, որ այն արհեստականորեն իր վրա է կենտրոնացնում հասարակական ողջ ջանքը և շեղում է պայքարն իրական ու արմատական փոփոխություններից: Ոլորտում անհրաժեշտ են համալիր հարկային, վերահսկողական, տեսչական, բնապահպանական և քաղաքական ռազմավարության փոփոխություններ, մինչդեռ ԱՃԹՆ-ն չի կարող լինել այն ձևաչափը, որով սուվերեն կառավարությունը և հանրությունը կարող են հասնել նման փոփոխությունների։
Վերջին ամիսներին շրջանառվող միտքը, թե իբր՝ հանքերի իրական սեփականատերերի բացահայտման մասին համապատասխան օրինագիծն ընդունելուց հետո նրանք կբացահայտվեն, ներկայացվում է իբրև ԱՃԹՆ շրջանակներում արձանագրված հաջողություն, մինչդեռ մենք տեսնում ենք, որ նման հայտարարությունների հիմքում չկան իրատեսական մեխանիզմներ, որոնք կհասնեն համաշխարհային օֆշորային գոտիներում թաքնված ֆինանսական մախինացիոն որջերին։ Ավելին, կառավարությունը ԱՃԹՆ բազմաշահառու խմբին մեջբերելով՝ հրաժարվում է այս նախագծում սահմանված 10 տոկոսից բարձր բաժնետեր հանդիսացող սեփականատերերի մասին դրույթը հանել և սահմանել նման պահանջ անխտիր բոլոր բաժնետերերի համար։ Երկրորդ, հանքարդյունաբերողները կամավոր են գրանցվում բաժնետերերի ռեեստրում, և չկան այն միջագային մեխանիզմները, որոնց միջոցով կառավարությունը կարող է ճշտել, թե, օրինակ, Կիպրոսում գրանցված ընկերության 100 տոկոսանոց բաժնետերը, դիցուք, իրո՞ք Վալերի Մեջլումյանն է, այլ ոչ՝ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչայանը։ Չկան օֆշորային գոտիների հետ միջպետական հարաբերություններ, որովհետև օֆշորային գոտու իմաստը հենց պետությունների ու դրանց իրավազորության սահմաններից դուրս լինելն է։
ԱՃԹՆ-ի վերաբերյալ մեր վերապահումների մասին ավելի մանրամասն կներկայացնենք հաջորդիվ: Մինչ այդ, անհրաժեշտ ենք համարում մեր ջանքերն ուղղել բնապահպանական արմատական փոփոխությունների հասնելուն»: