«Իջևան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանի քրեական գործը դատարանում է:
Գործը դատարան է ստացվել հուլիսի 3-ին և մակարգրվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասությա դատարանի դատավոր Սամվել Մարդանյանին:
Մեղադրական եզրակացության համաձայն, Նարեկ Վանեսյանը 2015 թվականի մայիսի 29-ից մինչև 2015.թ հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում՝ զբաղեցնելով «Իջևան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությումբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Իջևան քաղաքի բնակչուհի Ա.Ա.-ին որպես բժշկուհի տեղավորելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Նարեկ Վանեսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Ինչպես արդեն հայտնել էինք, Քննչական կոմիտեի նախնական տվյալներով, Իջևան քաղաքի բնակիչը Ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ներկայացրել, որ Իջևան բժշկական կենտրոն ՓԲԸ-ի նախկին տնօրենը, 2015 թվականի ամռանը իրեն հիշյալ ԲԿ-ում աշխատանքի տեղավորելու համար պահանջել և ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն չկատարելով խոստումը հափշտակել է գումարը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դաավճռով: