Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանի և Թեհմինա Վարդանյանի, փաստաբան Նինա Կարապետյանցի ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Երևանում գտնվող մի բնակարանից քաղաքացիների վտարման իրականացման վայր։
Ըստ ահազանի՝ բնակարանում գտնվում են նաև երեխաներ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Ոստիկանության հետ։
Ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքան ուղիղ եթերի միջոցով ցույց տվել, թե ինչ կատարվում շենքի շքամուտում: Նա պարբերաբար նշում էր, որ ոստիկանների գործողություններն անօրինական են, քանի որ նրանք իրենց գործողությունների կատարումը վկայակոչում են ոչ թե օրենքին, այլ կառավարության որոշմանը: «Ոստիականությունն ապօրինի է գործում և բռնի ուժ է կիրառում մեր նկատմամբ»,-նշում է ավագանու անդամը:
Նրա խոսքով, բնակարանից վտարման աշխատանքներ իրականացնելիս բնակարանի ներսում 3 անչափահաս երեխաներ են եղել՝ 20 օրական, 3 տարեկան և 7 տարեկան հասակի:
Նշենք, որ միջադեպի ժամանակ նաև շտապօգնության բրիգադ մոտեցավ բնակարան:
https://www.facebook.com/teimina.vardanyan/videos/2379863895437400/
Դեպքի վերաբերյալ հաղորադագրություն է տարածել նաև ոստիկանությունը.
«Ֆեյսբուքյան օգտատեր Թեհմինա Վարդանյանը իր էջում կրկին հրապարակել է գրառում՝ Արաբկիր վարչական շրջանի շենքերից մեկում ոստիկանության ծառայողների իբրև ապօրինի գործունեության և լիազորությունների սահմանազանցման վերաբերյալ: Այս առթիվ ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում է`
չհրապարակելով բնակարանի հասցեն, դրա սեփականատիրոջ, ինչպես նաև այնտեղ առանց օրինական հիմքերի գտնվող անձանց անձնական տվյալները, հարկ ենք համարում պարզաբանել ոստիկանների գործողությունների վերաբերյալ ոչ պրոֆեսիոնալ, առաջին հերթին՝ իրավական հարթությունում և գործի փաստական հանգամանքների հետ աղերս չունեցող ապատեղեկատվությունը:
Կոնկրետ դեպքում, ղեկավարվելով գործող իրավակարգավորումների, մասնավորապես՝ՀՀ կառավարության 10.05.2007թ. թիվ 797-Ն որոշման պահանջներով, ոստիկանության ծառայողները, անշարժ գույքի օրինական տիրապետողի դիմումի, այնուհետև՝ սահմանված կարգով տրված լիազորագրի համաձայն պարզել են գույքի տարածքում անձանց բնակության օրինական հիմքերի բացակայությունը և տրամադրել ողջամիտ ժամկետ ներխուժումը կամովին վերացնելու համար, մինչդեռ վերջիններս փաստացի չեն կատարել ոստիկանության օրինական պահանջները և հրաժարվել են ազատել գույքի տարածքը: Ի դեպ, նշված գործողությունների ընթացքը սահմանված կարգով փաստաթղթավորվել է, իսկ ոստիկանության տարածքային ստորաբաժանման ծառայողների վարչարարության իրավաչափությունը ստուգվել է վերադասության կարգով ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված վարչական բողոքի հիման վրա հարուցված վարույթի շրջանակում: Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե վտարում կարող էր արվել միայն դատարանի վճռի հիման վրա՝ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից, ապա պարզաբանում ենք, որ դատական կարգով վտարումը և ներխուժման վերացումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված երկու ինքնուրույն և միմյանց չբացառող իրավական ռեժիմներ (իրավական գործիքներ) են, որոնց ընտրությունը օրենսդրությամբ վերապահված է գույքի օրինական տիրապետողին: Առաջին դեպքում խոսքը գնում է հայցային վարույթի կարգով դատարան ներկայացվող վտարման պահանջի, իսկ երկրորդ դեպքում՝ ներխուժումը վերացնելու նպատակով ոստիկանությանն ուղղակիորեն (արտադատական կարգով) լիազորելու գույքի օրինական տիրապետողի իրավունքի մասին:
Հաստատապես հորդորում ենք զերծ մնալ ոստիկանության գործողություններին իրավական դաշտում անհիմն և հուզական գնահատականներ տալուց, և վերջնական եզրահանգումներ կատարել միայն ոլորտի օրենսդրությունը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո»: