Նպատակահարմար է ավելացնել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար ավանդների երաշխավորության չափերը. օրինագիծ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում:

Հեղինակները հիմնավորման մեջ նշել են, որ ավանդների երաշխավության համակարգը բավական կարեւոր գործիք է բանկային համակարգի հուսալիության տեսանկյունից, միեւնույն ժամանակ այն հանդիսանում է կարեւորագույն գործոն ավանդ ներգրավելու համար։ Դրա շնորհիվ է նաեւ, որ վերջին տարիներին նկատվում է ավանդների աճ առեւտրային բանկերում:

Գաղտնիք չէ, որ սփյուռքում բնակվող մեր որոշ հայրենակիցներ, ցանկանալով Հայաստանում փոքր ներդրում կատարել, ընտրում են ամենապարզ մոդելը՝ ավանդ ներդնել առեւտրային բանկերում: Ֆինանսական այլ գործիքների թերզարգացածությունը եւ ավելի բարձր ռիսկայնությունը հնարավորություն չի տալիս ընտրել ներդրումների այլ եղանակներ:

Այս համատեքստում նպատակահարմար է ավելացնել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար ավանդների երաշխավորության չափերը, քանի որ նրանք, հիմնականում չբնակվելով Հայաստանում, ունեն ավելի սահմանափակ տեղեկություն բանկային համակարգի եւ հնարավոր ռիսկերի վերաբերյալ, հետեւաբար ավանդ ներդնելու մասով գրեթե ամբողջությամբ վստահում են ավանդների երաշխավորության համակարգին:

Առաջարկվում է դրամով ավանդների համար սահմանել 15 մլն ՀՀ դրամ, արտարժույթով ավանդների համար՝ 10 մլն ՀՀ դրամ երաշխավորված ավանդի չափ:

Այս փոփոխությունը կարող է դառնալ սփյուռքի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը մասնակցելու խթան, ինչպես նաեւ բարձրացնել բանկային համակարգի նկատմամբ գրավչությունն օտարերկրացիների մոտ՝ հաշվի առնելով նաեւ, որ ոչ ռեզիդենտների խնայողություններն էականորեն ավելի մեծ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողություններից եւ առկա երաշխավորության չափերից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել