ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մի շարք ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, որն առաջացրել է ծանր հետևանքներ, փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ, որոշում է կայացվել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա. Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը փոփոխելու, լրացնելու մասին, և վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իր կարգադրիչ լիազորությունները բժշկական կենտրոնի շահերին հակառակ օգտագործելու հետևանքով Հայաստանի Հանրապետությանն առանձնապես խոշոր չափերով՝ 908.047.850 ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու, առանձնապես խոշոր չափերով՝ 45.402.392.5 ՀՀ դրամ և 27.039.000 ՀՀ դրամ վատնում կատարելու (երկու դրվագով) և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթի կեղծիք կատարելու համար։
2019 թվականի հուլիսի 12-ին վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան` Ա.Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նկատի ունենալով, որ Ա.Մինասյանը թաքնվում է քննությունից և պարզ չէ նրա գտնվելու վայրը՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու, մեղավոր անձանց շրջանակը պարզելու և նրանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ։
Նախաքննությունը շարունակվում է։