2018 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում ստորագրվեց «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման եւ գործունեության մասին» համաձայնագիրը, որը Ազգային ժողովը շուտով պետք է վավերացնի:
2017 թվականի սեպտեմբերին ՌԴ տրանսպորտի նախարարությունը հանդես է եկել ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրո ստեղծելու առաջարկությամբ, որն ընդունվել է մի շարք ԱՊՀ անդամ պետությունների՝ այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից:
Հայաստանի Հանրապետության «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի, 54-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննությունը պետք է անցկացվի Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմնի կողմից կամ անհրաժեշտության դեպքում՝ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմինը կարող է աջակցություն խնդրել օտարերկրյա պետությունների քաղաքացիական ավիացիայի բնագավառի իրավասու մարմիններից կամ պատահարներ քննող այլ մարմիններից:
Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական օդանավերի հետ տեղի ունեցած պատահարի դեպքում քննությունն անհապաղ կազմակերպում և վարում է վարչապետի կողմից նշանակված հանձնաժողովը:
Ավիացիոն կոմիտեին վարչապետի կողմից ուղղակիորեն տրվել են այդ լիազորությունները 1991 թվականին:
Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման նպատակն է ապահովելու ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության անցկացումը ավիացիոն իշխանություններից անկախ մասնագիտացված մարմնի կողմից՝ համաձայն ԻԿԱՕ-ի կողմից սահմանված չափանիշների: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննություն անցկացնելու համար ռեսուրսների բացակայությունը՝ նպատակահարմար է նշված գործառույթի իրականացումը փոխանցել ստեղծվելիք մարմնի կատարմանը:
Նախագիծը մշակվել է Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասնակցությամբ:
Վերոշարադրյալը կհանգեցնի այս մասով ԻԿԱՕ պահանջների կատարմանը եւ կնպաստի արդյունավետ կառավարմանը՝ ստեղծվելիք միջազգային կառույցում ներկայացուցիչ ունենալու փաստով: