Քննչական կոմիտեն՝ Գյումրիում որդու կողմից մոր սպանության դեպքի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Գյումրի քաղաքի բնակչուհու սպանության դեպքը, վերջինիս որդին ձերբակալվել է:

2019 թ. հունիսի 19-ին «Գյումրու շտապ բուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է նույն տան բնակչուհու դիակը:

Նախնական տվյալներով՝ 2019 թ. հունիսի 19-ի երեկոյան Գյումրի քաղաքի բնակչուհու դուստրը և վերջինիս ամուսինը, կոտրելով 1948թ. ծնված կնոջ տան դռան փականքի շրջանակը, ներս են մտել և նկատել վերջինիս դիակը` դեմքի շրջանում առկա վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի որդին է՝ ծնված 1969թ.: Պարզվել է նաև, որ վերջինս հաշվառված է Գյումրու «Հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում՝ «շիզոֆրենիա պարանոիդ ձևի կայուն դեֆեկտ ախտորոշումով»:

50-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ մորը սպանելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել