Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Վերջիններս առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 63 հազար դրամ:
Պատգամավորները առաջարկում են գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել ՝
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 390 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 435 դրամ.
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 650 դրամ:
Հարցը ընդգրկվել է կառավարության օրակարգում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իր եզարակցության մեջ նշել է, որ տնտեսական աճի ապահովման հիմնական նպատակներից է բնակչության բարեկեցության և կենսամակարդակի բարձրացումը: Այս տեսանկյունից անվիճելի է աշխատավարձի դերն ու նշանակությունը: Բոլոր այն երկրներում, որտեղ որպես կարգավորիչ գործիք կիրառվում է նվազագույն ամսական աշխատավարձը` ամրագրելով այն օրենքով, վերջինիս մեծության սահմանումը էական ազդեցություն է ունենում ինչպես բնակչության կենսամակարդակի առումով, այնպես էլ` գործարար միջավայրի վրա: Այս տեսանկյունից առաջարկվող նախագծի առնչությամբ՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման վերաբերյալ սկզբունքային առարկություններ չկան:
Նախագծի հիմնավորումից ակնհայտ է, որ «63000» դրամը փոխկապակցվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2019թ. I եռամսյակի միջին ընթացիկ գներով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի հիմքով https://www.armstat.am/file/article/sv_03_19a_6200.pdf (ընդ որում այն հավասար է 63 550 դրամի): Ընդհանուր առմամբ այն որպես ելակետային ցուցանիշ ընդունելի է, սակայն մեթոդաբանության համաձայն վերջինս հաշվարկվում է որևէ եռամսյակի փաստացի միջին ընթացիկ գներով, հետևապես այն սպառողական գների ինդեքսի փոփոխմանը զուգընթաց փոփոխվող է: Միաժամանակ, աղքատության մակարդակի հաշվարկման մեթոդաբանության համաձայն աղքատության գծերը ևս ինդեքսավորվում են ըստ պարենային և ոչ պարենային ապրանքների գների ինդեքսի https://www.armstat.am/file/article/poverty_2018_a_6.pdf, էջ 230»:
Հետևապես, գների ինդեքսի փոփոխության դեպքում աղքատության վերին և ստորին գծերի վերահաշվարկը, հետևապես և աղքատության մակարդակի ցուցանիշները կարող են և նույնը մնալ կամ չկրել էական փոփոխություն` անգամ նվազագույն աշխատավարձի 63000 դրամի դեպքում: Առավել ևս, որ առաջարկի և պահանջարկի տեսանկյունից վերջիններիս վրա աճի վեկտրով ազդեցությունը կլինի առավելագույնը 1-ինից 4-րդ դեցիլների դեպքում, քանի որ աղքատության գծից վերև գտնվողներն ըստ էության ինքնաբավ են և լրացուցիչ եկամուտներն առավելապես կուղղվի ոչ թե ծախսերի (պահանջարկի և առաջարկի) ավելացմանը, այլ` կուտակմանը:
Ուստի, նախագծով առաջարկվող նվազագույն աշխատավարձի ամսական աշխատավարձի 63000 դրամի սահմանումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:
Կառավարությունն առաջարկում է այս փուլում ձեռնպահ մնալ նախագծի քննարկումներից և գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ: