Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապամոնտաժվում են վերգետնյա և ստորգետնյա անցումների, ինչպես նաև կամուրջների և ուղեանցների (թունելների) ճակատային հատվածներում տեղադրված անօրինական գովազդները:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:
«Ապամոնտաժվող գովազդային միջոցները տեղադրված էին Երևան համայնքի սեփականություն համարվող գույքային միավորների վրա, որոնք օգտագործելու առումով առկա չէ իրավահաստատող որևէ փաստաթուղթ: Նման դեպքերն անթույլատրելի են, և Երևանի քաղաքապետարանը իր ողջ ներուժը կօգտագործի նմանօրինակ դեպքերը բացառելու համար»,-նշում է արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Գարիկ Խաչատրյանը:
Գույքագրված 13 գովազդային պաստառներից 7-ն արդեն ապամոնտաժվել են: Առաջիկա օրերին կապամոնտաժվեն նաև մյուս գովազդները:
«Գործող օրենսդրությունը նախատեսում է, որ համայնքային սեփականություն հանդիսացող գույքային միավորները տրամադրվում են մրցութային կարգով: Ցանկանում եմ խնդրել և հորդորել մեր սիրելի քաղաքացիներին՝ խուսափել անօրինություններից»,-ընդգծում է Գարիկ Խաչատրյանը:
Մրցութային կարգը սահմանում է այն չափորոշիչները, թե քաղաքի որ հատվածում և ինչ տեսակի գովազդային վահանակ կարող է տեղադրված լինել: Այդկերպ նաև տնտեսվարողների համար ստեղծվում են հավասար պայմաններ և հնարավորություններ:
Քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը գույքագրում է նաև օրենսդրությանը չհամապատասխանող այլ գովազդները:
Տեսանյութը՝ Երևանի քաղաքապետարանի