ՊՆ նախագիծը՝ մարտական հերթապահության մեջ ներգրավվելու սահմանափակման վերացման և թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց զինծառայության մասին

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն նախատեսվում է, որ թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, մտավոր հետամնացության այլ ձևեր ունեցող անձինք ժամանակավորապես ոչ պիտանի են զինվորական ծառայության համար, ինչպես նաև սոցմանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող անձանց համար հանվում է մարտական հերթապահության մեջ ներգրավվելու սահմանափակումը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հոգեկան խանգարումներ ունեցող անձանց զինվորական ծառայության ներգրավման գործընթացը հստակեցնելու անհրաժեշտությամբ:

 ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 404-Ն որոշման ընդունումից հետո անցկացված զորակոչերը ցույց տվեցին, որ առանց վարքային խանգարումների թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց մոտ զինվորական ծառայության ընթացքում խնդիրներ են առաջանում հարմարվողականության և զինծառայողի համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման առումով, ինչը բացասաբար է անդրադառնում զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման վրա: Միաժամանակ, սոցմանկավարժական բարձիթողի վիճակ և թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց նկատմամբ նույն հարթության մեջ կիրառվող սահմանափակումը համարժեք չէ նրանց հնարավորություններին, որի արդյունքում սոցմանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող անձանց համար մարտական հերթապահության մեջ ներգրավվելու սահմանափակումը փաստացի նախատեսվել էր բացառապես թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց հետ նույն կետում սահմանված լինելու պատճառով:

Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինվորական ծառայության պատշաճ կազմակերպումը, բացառելու այնպիսի առողջական վիճակ ունեցող անձանց զինվորական ծառայության ներգրավումը, որոնց մոտ առկա խնդիրը համատեղելի չէ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ:

Որոշման նախագծի ընդունումը կապահովի զինվորական ծառայության պատշաճ կազմակերպումը և իրականացումը, կբացառվի այնպիսի առողջական վիճակ ունեցող անձանց զինվորական ծառայության ներգրավումը, որոնց մոտ առկա խնդիրը համատեղելի չէ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել