Քննիչ Արկադի Օսիպյանը դատական հայց է ներկայացրել դատարան ընդդեմ քննչական կոմիտեի: Վերջինս պահանջում է անվավեր ճանաչել թիվ 914 Ա հրամանը, որով նա ազատվել է աշխատանքից և մատնվել է հարկադիր պարապուրդի:
Գործը մակագրվել է դատավոր Նաիրա Հովսեփյանին:
Հայցվորը 2014 թվականից աշխատել է Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում որպես քննիչ:
Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նոյեմբերի 7-ի որոշման մեջ նշված է, որ «Ֆեյսբուքե սոցիալական կայքում Արկադի Օսիպյանը կատարել է հետևյալ գրառումը.
«ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ոնց միշտ իրենց ոճի մեջ են. դավաճաններ… ՀՀԿ-ին շատ ամոթ, իրենց կեղտոտությունն այս օրով անելու համար»:
Հանձնաժողովը գտել է, որ Օսիպյանը թույլ է թվել մի շարք խախտումներ, որով չի դրսևորել քաղաքական զսպվածություն, չեզոքություն, չի եղել անկողմնակալ և չի պահպանել ծառայողական կարգապահությունը և չի դրսևորել պաշտոնյային վայել վարքագիծ և իր վարքագծով դրսևորել է ՀՀ ՔԿ ծառայողի համբավն արատավորող անվայել արարք:
Դատարանը գտել է, որ ծառայողական հանձնաժողովը մակերեսային է անդրադարձել գրառմանը և հաշվի չի առել հայցվորի մեկնաբանությունը տվյալ գրառման հետ կապված, նշված գրառումը կատարել է, ոչ թե նրա համար, որ սատարի որևէ կուսակցության, ստեղծի պայմաններ որևէ կուսակցության օգտին կամ դեմ քվեարկի, չի քարոզել որևէ կուսակցության առավելությունը կամ թերությունը մյուսի նկատմամբ, իր գրառումը եղել է բարկության նշան և ամոթանք, քանի որ այդ օրը Շարլ Ազնավուրի մահվան հաջորդ օրն է եղել, ում մահը սգում էր ոչ միայն հայ ազգը ամբողջ աշխարհում, այլ նաև այլ ազգերը, ովքեր գնահատել են վերջինիս մարդ և երգահան տեսակը, իսկ Հայաստանում այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ հայ ժողովուրդը, մոռանալով իր սուգը, կրկին դուրս էր եկել փողոց, նշված գրառմամբ ինքն իր դժգոհությունն է արտահայտել հենց այդ օրը նման բան կատարելու համար:
Հաջորդ գրառումը հետևյալն է.
«Խոսքս ուղղում եմ անասուն վարորդներին, հարգելի’ անասուն վարորդներ, տրանսպորտային միջոցի վրա և սրահում գոյություն ունեն ապակիներ, որոնց մեջ նայելիս կտեսնեք ձեզ, դրանք կոչվում են հայելիներ, բացի դա՝ ղեկի հետնամասում գոյություն ունի բռնակ, որը կարգավորում է տրանսպորտային միջոցի դրսում տեղադրված թարթիչները (աչքերի թարթիչների հետ կապ չունեն և նման չեն): Իսկ հիմա, երբ արդեն գիտենք, թե ինչ են իրենցից ներկայացնում հայելիները և թարթիչները, բացատրեմ, թե ինչի համար են դրանք ստեղծված: Երկուսի նպատակն էլ վթարային իրավիճակից խուսափելու և հետևից ընթացող տրանսպորտային միջոցին ձեր կողմից կատարվելիք մանևրի մասին նախազգուշացումն է:
Հ.Գ. հուսով եմ, այս գրառումս շատ անասուն վարորդներ կտեսնեն և կսկսեն օգտագործել վերը նշվածը…
Հ.Գ. մի բան էլ ասեմ, եթե ձեզ ճանապարհ են տալիս, կամ դուք եք, վթարային իրավիճակ ստեղծելով, մխրճվում մեքենաների արանքում, բարի եղեք, շնորհակալություն հայտնեք, կամ ներողություն խնդրեք, եթե ձևերը չգիտեք, ասեմ, միացնում եք վթարային ազդանշանը, որը պետք է որ կարմիր կոճակ լինի, կամ տալիս եք կարճ ձայնային ազդանշան, որի սեղմակը գտնվում է ղեկի վրա, եթե դրանք չեն գործում, ապա գլխով կամ ձեռքով հայտնում եք շնորհակալություն: Դրանից հետո կարճ ժամանակում վերանորոգեք անսարքությունը, որպեսզի հետագայում չտուգանվեք»:
Կարգապահական հանձնաժողովն անդրադարձել է իր կողմից մարզասրահներում կատարված և հրապարակված լուսանկարներին և դրանք անվանել է կիսամերկ և նույնպես ՔԿ ծառայողի համբավն արատավորող, մինչդեռ դա աբսուրդ է,քանի որ նշված լուսանկարներով ինքը քարոզել է առողջ և ճիշտ ապրելակերպ, որը որևէ կերպ չի արատավորում ՀՀ ՔԿ ծառայողի համբավն, այլ հակառակը ցույց է տալիս, որ ծառայողը չի ծխում, չի խմում և խրախուսում է սպորտը:
Հայցվոր կողմը հայտնել է, որ ինչ վերաբերում է լուսանկարների տեղադրմանը, այդ հարաբերությունները կարգավորվում են 20.08.2018 թվականին հաստատված քննչական կոմիտեի ներքին կարգապահական կանոնների մասին թիվ 114-Լ հրամանով: Ըստ այդմ անհրաժեշտություն է առաջանում նշել, որ իր կողմից տվյալ լուսանկարները հրապարակվել են 2015 թվականին, այսինքն նախքան թիվ 114-Լ հրամանի հաստատվելը:
Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի որոշման մեջ նշված է նաև, որ Արկադի Օսիպյանը քրեական գործերով որոշ ժամանակ գործողություններ չի կատարել:
Հայցվորընշում է, որ 2018 թվականի մարտ ամսին բաժնի պետի պահանջով գրել է արձակուրդ գնալու զեկուցագիր, որը պատճառաբանել է, որ ինքն է այդպես ուզում, եթե համաձայն չէ, կարող է համապատասխան տեղերում բողոքել, ի դեպ նշվածը Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի կատարած անօրինականությունների առաջին դրսևորումը չէ, և նորմալ է, քանի որ նախկինում նա անպատիժ է մնացել:
Հայցվորը հայտնեց նաև, որ 2014 թվականին արձակուրդ չի գնացել, քանի որ արգելել են օգտվել հերթական արձակուրդից, 2015,2016,2017 թվականներին գնացել է նոյեմբեր ամսին և անցկացրել է արձակուրդն աշխատանքի վայրում, ստացել նոր քրեական գործեր և կատարել նախաքննություն: 2017 թվականին հերթական անգամ արձակուրդ գնալուց Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանը խոստացել է, որ հաջորդ տարի թույլ կտա արձակուրդ գնալ ամռան ամիսներին, սակայն առանց պատճառաբանության 2018 թվականի մարտին պահանջել է գնալ արձակուրդ, երբ ինքը նոր է վերադարձել այսպես ասած արձակուրդից: Իր վարույթում այդ ժամանակ քննվել են ծանր, բազմադրվագ և մի քանի մեղադրյալներով գործեր, արձակուրդի անցնելուց հետո բաժնի պետը պահանջել է, որ ավարտի վարույթում քննվող գործերը նոր գնա արձակուրդ, սակայն ինքը հրաժարվել է, քանի որ վիրավորված է եղել, որ խոստումը չի կատարել, բացի դա հաշվի չի առնվել արձակուրդ գնալու իր ցանկությունն, որովհետև նոր է վերադարձել և հիմնական արձակուրդ գնացել է տարվա այն ժամանակահատվածում, երբ հանգիստը անցկացրել է տանը, այն էլ հաշված օրեր, քանի որ հիմնականում գտնվել է աշխատանքի վայրում, բացի այդ էլ իր վարույթում քննվող քրեական գործերը, իր արձակուրդից վերադառնալուց հետո դեռ ամիսներ շարունակ քննվել են այլ քննիչների վարույթում և վերջինների քննությունը կավարտվեր, եթե դրանք մնային իր վարույթում: 2018 թվականի մայիսի 05-ին արձակուրդից վերադառնալով ` բաժնի պետն իրեն տեղեկացրել է, որ դատախազության աշխատակիցների հետ այլևս չեն շփվելու, հեռախոսազանգերին չեն պատասխանելու ու միայն գրավոր են պահպանելու փոխհարաբերությունները: Չնայած ինքը դատախազության աշխատակիցների հետ գտնվել է աշխատանքային փոխհարաբերությունների մեջ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետն ասել է, որ դա վերաբերում է բոլոր քննիչներին, եղել է կոլեկտիվի կողքին և անհրաժեշտություն առաջանալուց, միշտ հասել է օգնության և չի հակառակվել կոլեկտիվի որոշումներին: Դրանից հետո բաժնի պետի կողմից իրեն մակագրվել են քրեական գործեր, եղել է հերթապահ քննիչ և նույնիսկ այլ քննիչի փոխարեն է գնացել դեպքի վայր:
Վերը թվարկված պայմաններում, սխալվելու ու բացթողում կատարելու հավանականությունը մեծ է եղել, սակայն իր վարույթում քննված քրեական գործերով հայտնաբերված սխալներն եղել են առօրյա աշխատանքային և առկա են բոլոր քննիչների մոտ:
Դատարանը սակայն, դատավոր Նաիրա Հովսեփյանի նախագահությամբ, որոշել է Արկադի Օսիպյանի հայցն ընդդեմ ՀՀ քննչական կոմիտեի` հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին, մերժել:
Դատարանի որոշումը հրապարակվել է մայիսի 6-ին:
Նշենք նաև, որ հայցվոր Արկադի Օսիպյանը դիմել է վերաքննիչ դատարան: