Մայիսի 27-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործը մակագրվել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Մինչև գործը Տաթևիկ Գրիգորյանին մակագրելը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 4 դատավոր՝ Հովհաննես Ավագյանը, Գեղամ Մարգարյանը, Վարդան Ստեփանյանը և Գոռ Շահբազյանը ինքնաբացարկ են հայտնել:
Հովհաննես Ավագյանը ինքնաբացարկի որոշման մեջ նշել է, որ Գագիկ Հեբոյանին անձնապես ճանաչում է դեռևս 2006 թվականից. «Դատավորի պաշտոնում աշխատանքային լիազորություններս իրականացնելու շուրջ հինգ տարիների ընթացքում դատավոր Գագիկ Զենիկի Հեբոյանի հետ հաճախ գործնական և անձնական բնույթի շփում ենք ունեցել և այդ ընթացքում ձեռք ենք բերել նաև ընկերական հարաբերություններ»,-նշել է նա:
Գեղամ Մարգարյանը նշել է, որ 2017 թվականի մարտ ամսից նույն դատարանում նշանակվել է, որպես քրեական գործերով դատավոր և Գագիկ Հեբոյանի հետ աշխատել է հարևանությամբ գտնվող սենյակներում, գրեթե ամեն օր շփվել են, քննարկել են իրենց թե նեղ անձնական և, թե կենցաղային հարցերը. «Միասին մասնակցել ենք, ինչպես մեր անձնական, այնպես էլ ընկերական և համայնքում կազմակերպված միջոցառումներին և գրեթե ողջ համայնքը տեղյակ է, որ մենք հանդիսանում ենք նույն դատարանի նստավայրում աշխատող գործընկերներ»:
Վարդան Ստեփանյանը նշել է, որ Գագիկ Հեբոյանի հետ ընկերական հարաբերությունների մեջ է գտնվում. «2008 թվականից մինչ 2018 թվականի հունիս ամիսը զբաղեցրել եմ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը: Պաշտոնավարման տարիների ընթացքում դատավոր Գագիկ Զենիկի Հեբոյանի հետ հաճախակի ունեցել ենք ինչպես գործնական, այնպես էլ անձնական բնույթի շփումներ, մասնավորապես` մասնակցություն ենք ունեցել ինչպես իմ, այնպես էլ նրա կողմից կազմակերպված ընտանեկան միջոցառումներին ուայդ ընթացքում ձեռք ենք բերել և գտնվում ենք ընկերական հարաբերությունների մեջ»:
Դատավոր Գոռ Շահբազյանն էլ նշել է, որ սկսած 2002 թվականից դատավոր Գագիկ Հեբոյանի հետ ունեցել է աշխատանքային և անձնական շփումներ, որոնց արդյունքում նրանց միջև ձևավորվել են մտերիմ, ընկերական փոխհարաբերություններ, որոնք պահպանվել են նաև դատախազության այլ ստորաբաժանում իր տեղափոխվելուց հետո:
«2017 թվականի նոյեմբերի 30-ին նշանակվել եմ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում: Գագիկ Հեբոյանի հետ ունենք ընդհանուր ընկերներ, նրա հետ միասին մասնակցել ենք ընկերական և աշխատանքային կոլեկտիվի կողմից կազմակերպված բազմաթիվ միջոցառումներին, մեր երկուսի միջև մինչ օրս առկա են մտերիմ, ընկերական փոխհարաբերություններ:
Գտնում եմ, որ վերը նշված հանգամանքներն անաչառ դիտորդի մոտ չեն ձևավորի վստահություն առ այն, որ ես որպես գործը քննող դատավոր չունեմ կամ չեմ կարող ունենալ որևէ շահագրգռվածություն: Նշված հանգամանքների առկայության դեպքում, անկախ նրանից, թե դատավորն ունի սուբյեկտիվ վստահություն, որ առկա չեն ինքնաբացարկ հայտնելու հիմքերը, այնուամենայնիվ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած առաջանալ դատավորի անաչառության վերաբերյալ: Այլ խոսքով, նույնիսկ դատավորի կողմից իր անաչառության վերաբերյալ երաշխիքներ առաջարկելու պայմաններում անաչառ դիտորդի մոտ չեն կարող բացառվել այդ կապակցությամբ առաջացած ողջամիտ կասկածները:
Բացի այդ, քրեական գործով մյուս ամբաստանյալ Վահագն Դանիելյանի և Գագիկ Հեբոյանի շահերի միջև առկա է հակասություն, որպիսի պայմաններում դատավոր Գ.Շահբազյանիս կողմից գործը քննելու և օրենքի դաշտում, սակայն Վահագն Դանիելյանի շահերի պաշտպանության տեսանկյունից անընդունելի ցանկացած գործողություն իրականացնելու դեպքում դատավորի անկողմնակալության առնչությամբ կարող են ծագել ողջամիտ կասկածներ:
Հետևաբար, գտնում եմ, որ նախագահող դատավորիս կողմից գործը քննելու դեպքում ի սկզբանե կասկածի տակ կառնվի միջազգային և ներպետական օրենսդրությամբ երաշխավորված արդար դատական քննության հիմնարար իրավունքի բաղադրիչը` անկախ ու անաչառ դատարանի կողմից արդարացի դատաքննության իրավունքի իրացումը, ինչն անթույլատրելի է»,-նշել է նա կայացրած որոշման մեջ:
Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Գ. Հեբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Վ. Դանիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը 08.05.2019թ.-ին փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: