Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ֆեյսբուքյան օգտատեր Սուրեն Պողոսյանը գրել էր, որ մայիսի 24-ի ցերեկը 14:08 Հանրապետության հրապարակի գլխավոր ժամացույցի դիմացը գտնվող հետիոտնային անցումի վրա նրան «գրեթե» վրաերթի էր ենթարկել 205 II 02 պետհամարանիշով ՃՈ ավտոմեքենայի վարորդը։
Քաղաքացու գրառմանը արձագանքել է ոստիկանության մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ ասվում է. «Ֆեյսբուքյան օգտատերն իր էջում տեղեկատվություն է հրապարակել, ըստ որի՝ մայիսի 24-ին, Հանրապետության հրապարակում ճանապարհային ոստիկանության 205 II 02 հաշվառման համարանիշերով պարեկային մեքենան նրան «գրեթե վրաերթի է ենթարկել»։
Պարզաբանենք, որ հիշյալ պարեկային մեքենան «վերջին զանգի» կապակցությամբ ուժեղացված ծառայություն է իրականացրել Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում։ Այն վարած ճանապարհային ոստիկանն էլ բարձրախոսով պարբերաբար զգուշացրել է երթևեկության մասնակիցներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Այդ ընթացքում նկատել է հետիոտնային անցման վրա անակնկալ հայտնված քաղաքացուն և անմիջապես արգելակել՝ վտանգ չստեղծելով նրա կյանքի և առողջության համար։ Փողոցը հատող հետիոտնը ևս երթևեկության մասնակից է և անհրաժեշտ է, որ նա էլ ցուցաբերի անհրաժեշտ աչալրջություն և զգուշավորություն։ Բացի այդ, ճանապարհային ոստիկանի և այդ քաղաքացու միջև որեէ ձևաչափով երկխոսություն չի եղել։ Այսինքն օգտատիրոջ այն հայտարարությունը, որ ճանապարհային ոստիկանն իր հետ անհիմն վիճել է, չի համապատասխանում իրականությանը։ Արձանագրենք, որ փաստացի վրաերթ տեղի չի ունեցել, իսկ «գրեթե վրաերթի ենթարկելը» անձի սուբյեկտիվ ընկալման դրսևորում է։ Կոչ ենք անում սեփական ընկալումները հանրայնացնելով՝ չստվերել ճանապարհային ոստիկանության աշխատանքը, որը վերջերս պարբերաբար արժանանում է հասարակության դրական գնահատականին»։