Ես պնդում եմ, որ այդ մարդիկ գան և հարցաքննվեն. Ռոբերտ Քոչարյանը՝ Գագիկ Հարությունյանին և ՍԴ անդամներին հարցաքննության կանչելու մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ պաշտոնաթող նախագահին առաջադրված մեղադրանքի մեջ մի առանձին հատված վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորների վրա ճնշում գործադրելուն:

Հայկ Ալումյանը միջնորդեց հարցաքննել 2008թ -ին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին և այդ ժամանակ գործող մյուս անդամներին՝ նշելով, որ Սահմանադրական դատարանի անդամներից մինչ այս երկու հոգի է հարցաքննվել՝ Ֆելիքս Թոխյանը և Վալերի Պողոսյանը, ովքեր ժխտել են իրենց նկատմամբ գործադրված ճնշումների մասին տեղեկությունները:

Ելույթ ունեցավ Ռոբերտ Քոչարյանը և հայտարարեց, որ իր գործով մտածված կողմնակալ մոտեցում է դիտարկում: «Ես պնդում եմ, որ այդ մարդիկ գան և այստեղ հարցաքննվեն»,-նշեց նա:

Դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ նշելով, որ այս փուլում ներպետական օրենքները չեն պարտադրում վկաներ ներգրավվել և ավելի ուշ կանդրադառնան միջնորդությանը:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 14-ին, շարունակվում է 2008-ի «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասի քննությունը՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ:

Քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ հարցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել