Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 14-ին, շարունակվում է 2008-ի «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասի քննությունը՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ:
Քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ հարցը:
Նրա պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ պաշտոնաթող նախագահին առաջադրված մեղադրանքի մեջ մի առանձին հատված վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորների վրա ճնշում գործադրելուն:
Հայկ Ալումյանը միջնորդեց հարցաքննել 2008թ -ին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին և այդ ժամանակ գործող մյուս անդամներին:
Նա նշեց, որ Սահմանադրական դատարանի անդամներից մինչ այս երկու հոգի է հարցաքննվել՝ Ֆելիքս Թոխյանը և Վալերի Պողոսյանը, ովքեր ժխտել են իրենց նկատմամբ գործադրված ճնշումների մասին տեղեկությունները:
«Որպեսզի մենք կարղանանք արդյունավետորեն վիճարկենք այս դրվագով հիմնավոր կասկածի առկայության հարցը, ու նկատի ունենալով նաև այն, որ ըստ մեղադրանքի նշված չէ, թե ՍԴ դատավորոներից ո՞վ է այդ ճնշմանը ենթարկվել, մենք միջնորդում ենք դատարան հրավիրել և հարցաքննել այդ ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Պետկովին և Կիմ Բալայանին»,-նշեց նա: