Ամուսնությունը յուրաքանչյուր մարդու կյանքում եզակի տոն է, և յուրաքանչյուրը սրտի տրոփյունով է սպասում այս իրադարձությանը: Իհարկե, յուրաքանչյուր երկիր պահանջում է իր մշակույթին համապատասխան ավանդույթներ ու սովորություններ, որոնց մի մասը ժամանակի ընթացքում կամ չի պահպանվում կամ փոփոխվում է:
Բավական հետաքրքրական և ինքնատիպ սիրո խոստովանության և ամուսնական ավանդույթներ են պահմանվել Հարավ Աֆրիկյան Հանրապետության ազգային ցեղերից մեկի՝ զուլուների (զուլուս, ամազուլու) մոտ:
Այս ցեղի մոտ չամուսնացած աղջիկների կուրծքը պետք է բաց լինի, ի տարբերություն ամուսնացած կանանց: Եթե Ձեզ երբևէ բախտ վիճակվի տեսնել զուլու տղամարդկանց նվիրված ծիսակարգը՝ Ուկվեշվամա, կամ մասնակցել umhlanga՝ «եղեգի պարը» տոնին, որը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր ամսին, թագավորական նստավայր Կվանոնգոմայում, կարող եք ականատես լինել, թե ինչպես են այդ կարևոր արարողությանը մասնակցում ողջ Զուլուլենդի չամուսնացած աղջիկները: Նրանք մերկապար են պարում և իրենց ողջ զուլուական գեղեցկությունը ցուցադրում հավանական փեսացուներին:
Զուլուները զգացմունքներն արտահայտելու և սիրո խոստովանություն անելու բավական հետաքրքիր, անհավանական և ինքնատիպ, բայց միևնույն ժամանակ շատ գեղեցիկ և պերճախոս լեզու են հնարել՝ «բիսերայի» լեզուն:
Բիսերը զուլուների մոտ միշտ համարվել է ավանդական և գլխավոր զարդը: Մի ժամանակ զուլուները բիսեր պատրաստում էին ձեռքի տակ ունեցած նյութերից. սերմեր, ոսկորներ, կճեպ, անուշաբույր ծառեր, ձվի կեղև, փղոսկր, քար, կավ, պղինձ, ոսկի, և այլն: Այսօր աֆրիկյան այս ժողովուրդը հնարավորություն ունի ձեռք բերել գործարանային արտադրության բիսերներ, որոնք փոխարինման են եկել իրենց ձեռքի աշխատանքներին: Սակայն անկախ դրա պատրաստման եղանակից, ամենակարևորը սիրային հաղորդագրության ճիշտ փոխանցումն է: Ներկայումս զուլուների թևնոցները, օղերը, վզնոցները, ոտքերի և այլ զարդերը բիսերից են: Զուլուների զարդերի ողջ խորամանկությունն ու ինքնատիպությունը թաքնված է նրանում, թե ինչպես են ընտրված գունային համադրությունները և նրանցում արված երկրաչափական պատկերները:
Բիսերի լեզուն ծառայում է որպես յուրօրինակ այբբենարան, որը հասկանում են բոլոր զուլուները: Կարևորն այստեղ գույների մեկնաբանությունն է: Մի քանի հիմնական գույներ, օրինակ, սպիտակը, սևը, վարդագույնը, ինչպես և Եվրոպայում, իրենց մեջ կրում են նույն իմաստը, իսկ դրանց քանակի փոփոխությունը խոսում է այն մասին, թե ում է այն ուղղված: Սակայն դժվար թե մեկը, ով չի հասկանում այս լեզուն, հասկանա իրեն ուղղված այդպիսի ավանդական հաղորդագրության իմաստը: Պատկերացրեք, եթե դուք հայտնվեք զուլուների մոտ, ուր շրջում են տղամարդիկ, ոմանք կարծես թե ամբողջապես զարդարված են բիսերներով, իսկ մյուսներն էլ կրում են ընդամենը մեկ համեստ զարդ: Գիտցե՛ք, եթե զարդերը շատ են, ապա նա համարվում է այդտեղի դոն ժուանը, իսկ թե ու՞մ են դրանք հասցեագրված, կարելի է կռահել աղջիկների պահվածքին և վերաբերմունքին հետևելով: Ոմանք կարմրում են, ամաչում և թաքնվում իրենց խրճիթներում, մյուսները, հակառակը, որպես պատասխան՝ բիսերներ են կրում: Իսկ ահա սպիտակ բիսերը տղայի պարանոցին, որի կենտրոնում մեկ սև զարդ է, սա խոսում է այն մասին, որ այդ տղան տառապում է իր անկեղծ սիրուց և զգացմունքներից:
Զուլուները կամ զուլուսները, սովորաբար, բազմակնության կողմնակից են: Ամուսնության ժամանակ պահպանում են իրենց ավանդույթները: Ամուսնությունից առաջ տղաները գնում են գուշակի մոտ: Եթե գուշակը գտնում է, որ ամուսնությունը հաջող է լինելու, ապա նրանք ամուսնանում են: Ըստ դարերով եկած ավանդույթի՝ տղամարդը, որպեսզի ամուսնանա, պետք է հարսնացուի համար վճարի՝ կովերի տեսքով: Այն անվանում են «լոբոլո»: Այս սովորույթը գոյություն ունի աֆրիկյան մի շարք ցեղերի մոտ: Վճարի չափը որոշում են հարսնացուի ծնողները կամ հարազատները: Որքան բարձր է հարսնացուի սոցիալական կարգավիճակը, այնքան ավելի շատ կով է պետք է նրա համար վճարել: Հնում, երբ բոլոր զուլուները զբաղվում էին անասնապահությամբ, հողագործությամբ, փոքր տարիքից զուլու տղաները սկսել են հավաքել կովեր: Ամուսնության ժամանակ նրանք արդեն փոքր նախիր էին կուտակած լինում հարսնացուի հետ փոխանակելու համար:
Ներկայումս սովորույթները մի փոքր փոխվել են: Որոշ հասուն զուլու տղամարդիկ ունեն սիրելի կին, անգամ համատեղ երեխաներ, որի հետ ապրում են առանձին, մինչև հնարավորություն ունենան գրանցելու իրենց ամուսնությունը: Իսկ ամուսնության համար ձևավորված այդ համառ սովորույթի պատճառով շատ հաճախ ամուսնությունը գրանցելու պահը երկար է ձգվում, քանի որ մեր օրերում կովեր կուտակելը շատ ավելի բարդ է, քան հնում: Շատ հաճախ կովերի քանակն այդպել էլ չի բավականացնում վճարելու համար: Բացի այդ, փեսան պետք է վճարի նաև հարսանիքի և հարսնացուի օժիտի ծախսերը, թեև դրանք, աֆրիկացի տղամարդու համար կոպեկներ արժեն:
Հարսանեկան արարողության ժամանակ հարսնացուի ընտանիքը ներկայանում է տղայի ընտանիքին, հարգանքի շրջան կատարելուց հետո կանգնում են այն տան առջև, որտեղ պետք է ապրեն նորապսակները: Իսկ այդ ընթացքում ինքը՝ հարսնացում, մյուս աղջիկների հետ սպասում է գյուղի սահմանին մոտ: Ծանոթանալուց հետո երկու ընտանքիները սկսում են ամուսնական «խաղը» կամ, ավելի, շուտ մրցել, թե ով ավելի լավ պարային ելույթ կունենա: Երկու կողմերի ընտանիքի անդամները թմբուկների հնչյունների տակ սկսում են արարողակարգային պարերը:
Պարից հետո կով են զոհաբերում: Այնուհետև ներս են բերում աղջկան, որի դեմքը կտորով այնպես է փակ, որպեսզի աչքերը չերևան: Կտորը հանելուց հետո ևս շարունակում է հարսնացուի գլուխը կախ մնալ՝ որպես ամուսնուն հնազանդության նշան: Հարսանեկան ողջ շքեղությունը պարերի և կերուխումի մեջ է:
Իսկապես, շատ կարևոր է պահպանել ավանդույթները, որոնք տիպիկ են յուրաքանչյուր երկրին ու ժողովրդին: Չէ՞ որ հենց դրանով է ազգը պահպանվում այն, ինչը դարերի միջով փոխանցվում է սերունդներին:
Եղեք ինքնատիպ անգամ սիրո մեջ: Իսկ ամենակարևորը՝ սիրեք և սիրված եղեք:
Լուսանկարներում պատկերված է ամուսնական «խաղ» պարը: