Այսօր՝ ապրիլի 30-ին, տեղի ունեցավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում իրականացվող «Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի (ՀԵՄԿ) կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում ստեղծված կոալիցիայի համար կազմակերպված դասընթացը՝ «Ծրագրային մրցունակ առաջարկների մշակում» խորագրով:
Կոալիցիան իրականացնում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհային «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագիրը՝ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում:
Կոալիցիայի համակարգող, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Մելինե Այվազյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց կոալիցիայի առաքելությունն ու նպատակները ու թե ինչ վերջնանպատակ է այն հետապնդում:
«Մեր կոալիցիայի նպատակն է ՀՀ-ում կայացնել ներառական կրթությունն ու հաշմանդամություն ունեցող երեխաների շահերի պաշտպանությունը: Նպատակն է տեսնել ոլորտը կարգավորող իրավական ակտերում իրականացված համապատասխան փոփոխությունները, ունենալ ծնողների և ուսուցչական անձնակազմի վերապատրաստումների վերանայված և առավել գործուն ուսումնական ծրագրեր և չափորոշիչներ, իրականացնել հանրային իրազեկվածության բարձրացման արշավ»,-նշեց նա:
Նշվեց նաև, որ կոալիցիայի վերջնանպատակ է նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին տեսնել որակյալ, հասանելի և կարիքահեն սոցիալական ծառայություններով ապահովված, մինչև 2021 թ-ը հաշմանդամություն ունեցող երեխաների համար ունենալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված և սահմանված ծառայությունների միասնական չափորոշիչներ, իսկ յուրաքանչյուր մարզում տարածաշրջանային կարիքների գնահատման վրա ստեղծված նվազագույնը մեկ սոցիալական աջակցության կենտրոն:
Դասընթացի մասնակիցներին ներկայացվեցին, թե որոնք են ՔՀԿ-ների համար ռեսուրսների աղբյուրները, ինչպես պետք է կազմակերպել ֆոնդահայթայթման գործընթացը, ինչպես դիմել դրամաշնորհներ ստանալու համար ինչպես աշխատել հայտարարության տեքստի հետ, և մշակել սեփական գաղափարը աշխատել տրամաբանական աղյուսակի և հայտի տարբեր բաժինների հետ, կատարել ֆինանսական պլանավորում ու կազմակերպել բյուջեների տեսակները, ներկայացնել դրամաշնորհի հայտը: