Մայիսի 2-ին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին կներկայացնի դատախազության 2018 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Դատախազությունից Իրավաբան.net-ին հայտնում են, որ 2018թ. հանրապետությունում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թվի զգալի աճ:
Մասնավորապես, 2018թ. կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերն աճել են 298-ով կամ 182.8%-ով /163-461/: Ընդ որում, վերջին 10 տարիներին նկատվել է այս հանցագործությունների շարունակական աճ՝ 2007թ.` արձանագրվել է 7 դեպք, 2018թ.` 461 դեպք:
90-ով կամ 60.0%-ով աճել են նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը: Եթե 2018թ. արձանագրվել է նման 240 դեպք, ապա 2017թ.՝ ընդամենը 150-ը: Համեմատության համար նշենք, որ 2007 թվականին արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու ընդամենը 26 դեպք:
211-ով կամ 405.8%-ով աճել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացումների դեպքերը: 2018թ. արձանագրվել է նման 263 դեպք, նախորդ տարվա 52 դեպքի դիմաց:
Կոռուպցիոն բնույթի հանցագործություններն ավանդաբար համարվում են լատենտայնության բարձր աստիճան ունեցող հանցագործություններ: Դրանց հայտնաբերումը, բացահայտումը, ինչպես նաև պաշտոնատար անձանց մեղավորության հիմնավորումը, հաճախ մեծ բարդություն է ներկայացնում և պահանջում է քրեական հետապնդման մարմինների կողմից հետևողական, գրագետ պլանավորված, արդյունավետ և համագործակցված գործողությունների իրականացում:
Նշվածով պայմանավորված՝ այս հանցատեսակների թվի աճը դրական է գնահատվում. այդպիսի դինամիկան վկայում է ոչ թե իրականում այդ հանցանքների ծավալների ընդլայնման, այլ դրանց դեմ տարվող, հատկապես, քրեաիրավական պայքարի արդյունավետության բարձրացման մասին:
Ընդ որում, պետք է փաստել, որ արձանագրված դեպքերի ճնշող մեծամասնությունը նախկին տարիներին կատարված և 2018թ. բացահայտված դեպքեր են, ինչը վկայում է ոչ թե կոռուպցիոն հանցանքների ծավալների ընդլայնման, այլ հանրային լայն աջակցությամբ դրանց հայտնաբերման, բացահայտման, պաշտոնատար անձանց մեղավորության հիմնավորման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների հետևողական, պլանավորված և համագործակցված գործողությունների արդյունավետության մասին:
Արձանագրված ցուցանիշները փաստում են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում հանրության կողմից նախաձեռնողականության դրսևորման աննախադեպ բարձր մակարդակի, կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության հանրային ընկալումների առավել խոր արմատավորման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների դրսևորած բարձր ակտիվության մասին:
Այս համատեքստում 2018թ. առանձնացել է հատկապես քրեական հետապնդման մարմինների համագործակցության շնորհիվ մի քանի ոլորտներում (մի շարք դեպքերում՝ հանրապետության ողջ տարածքի ընդգրկմամբ) տարիներ շարունակ տևականորեն գործած սխեմատիկ բնույթ կրող կոռուպցիոն հանցագործությունների մեծածավալ բացահայտումներով: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ընտանեկան նպաստների, գյուղացիներին սերմացու ցորենի և պարարտանյութի հատկացման, տավարաբուծության, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական տուգանքների վճարման, ավտոմեքենաների տեխզննման, «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ոլորտներին:
Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ և 2019թ., ինչպես նաև հետագայում, ուսումնասիրության թիրախ են դառնալու նաև հանրային կյանքի, պետական կառավարման այլ ոլորտներ:
2018թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1988 նյութ, որը գրեթե 4 անգամ գերազանցում է 2017թ․ցուցանիշը (2017թ.՝ 500): Դրանցից 1469-ով, ինչը 3.6 անգամ ավելի է 2017թ․ցուցանիշից (2017թ՝ 403), հարուցվել են քրեական գործեր: Բացի հարուցված 1469 քրեական գործից, հաշվետու ժամանակահատվածում վարույթ է ընդունվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 337 քրեական գործ, որոնցից 101-ը նախկինում կարճված կամ կասեցված և վարույթը վերսկսված քրեական գործեր:
2018թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերի համար առիթ են հանդիսացել 988 ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները (2017թ.՝ 272), որը գրեթե 3.6 անգամ ավելի է քան 2017թ.-ին, ԶԼՄ-ների 25 հրապարակումները (2017թ.՝ 8) և հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործությունների մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերման 532 հանգամանքը (2017թ.՝ 123 կամ 4.3 անգամ քիչ):
Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված ընդհանուրը 2072 քրեական գործից /2017թ.՝ 1005/ ավարտվել է 749-ի վարույթ /2017թ.՝ 520/: Ավարտված 749 քրեական գործից 151-ը (2017թ․՝ 148) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 598-ի վարույթը կարճվել է /2017թ.՝ 371/, որոնցից 472-ը /2017թ.՝ 309/՝ արդարացնող, 126-ը /2017թ.՝ 62/ ոչ արդարացնող հիմքով:
2018թ. ընթացքում ՀՀ նախաքննության մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 960 անձ, ինչն ավելի քան 60%-ով ավելի է 2017թ. կոռուպցիոն քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց թվից /2017թ.՝ 599 անձ/: Ընդ որում, եթե 2017թ. ընթացքում քրեական հետապնդման ենթարկված անձանցից միայն 292-ն է եղել պաշտոնատար անձ կամ հանրային ծառայող, ապա 2018թ.՝ 470-ը, կամ շուրջ 61%-ով ավելի։
Քրեական հետապնդման ենթարկված 960 անձից ձերբակալվել է 113-ը, որոնցից 96-ն ազատվել է ձերբակալումից:
Չնայած քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվն աճել է, այդուհանդերձ՝ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով որպես խափանման միջոց կալանք, 2017թ. համեմատ, կիրառվել է 33.3%-ով ավելի քիչ թվով անձանց նկատմամբ: Մասնավորապես, եթե 2017թ. խափանման միջոց կալանք կիրառվել է 112 անձի նկատմամբ, ապա 2018թ.՝ 84 անձի: 33 անձի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, ինչը 2017թ․(25 անձ) համեմատ ավելի է 32%-ով: Նման միտումներն առաջին հերթին պայմանավորված են խափանման միջոց կալանավորման պրակտիկան արմատապես փոխելու, նախապատվությունն առավելապես անազատության հետ չկապված խափանման միջոցներին տալու՝ ՀՀ դատախազության կողմից գործադրվող քրեական քաղաքականությամբ:
Կոռուպցիոն գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող 54 պաշտոնատար անձի պաշտոնավարում դադարեցվել է: 2017թ. արձանագրվել է նման 32 դեպք:
Նախորդ տարվա ընթացքում դատի է տրվել 288 անձ, ինչը 12-ով կամ 4.0%-ով քիչ է 2017թ. համեմատությամբ: Դատարան ուղարկված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի, ինչպես նաև դրանցով դատի տրված անձանց համեմատաբար քիչ քանակը պայմանավորված է իրավապահ համակարգի որդեգրած այն քաղաքականությամբ, որ կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու դեպքում կիրառվում է լայն խրախուսական գործիքակազմ: Նման քաղաքականության իրականացման մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 2018թ. ընթացքում նախորդ տարվա համեմատ կրկնակի (126-62) ավելացել են ոչ արդարացնող հիմքով քրեական գործերի վարույթը կարճելու մասին կայացված որոշումները, երեք անգամ (235-75)՝ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը գործուն զղջալու և ոչ արդարացնող այլ հիմքերով դադարեցնելու որոշումները:
Նախորդ տարվա ընթացքում քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց շրջանակը, ըստ գործունեության ոլորտների և պաշտոնների աստիճանի, ունի հետևյալ պատկերը:
- Ոստիկանության աշխատակիցներ՝ 17 անձ, այդ թվում՝
ա) բաժնի, բաժանմունքի պետեր և տեղակալներ՝ 8 անձ,
բ) անձնագրային խմբի առաջատար մասնագետ՝ 2 անձ,
գ) ՔՀԲ օպերլիազոր՝ 3 անձ,
դ) տարբեր ստորաբաժանումների տեսուչներ՝ 3 անձ,
ե) ոստիկան՝ 1 անձ,
- ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձինք՝ հարկադիր կատարողներ՝ 3 անձ,
- ՀՀ ՊԵԿ-ի պաշտոնատար անձինք՝ 14 անձ, այդ թվում՝
ա) ՊԵԿ-ի վարչության պետ և տեղակալ՝ 3 անձ,
բ) ՊԵԿ-ի գլխավոր մասնագետ՝ 1 անձ,
գ) հարկային բաժնի, բաժանմունքի պետ և տեղակալ՝ 3 անձ,
դ) հարկային, մաքսային տեսուչ՝ 5 անձ,
ե) մաքսային անցակետի հերթափոխի պետ և գլխավոր մասնագետ՝ 2 անձ,
- ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարար՝ 1 անձ,
- ՀՀ ՔԿ մարզային քննչական վարչության պետ և քննչական բաժնի պետի տեղակալ – 2,ՀՀ ՔԿ քննիչներ (ավագ քննիչ) – 7, դատախազության նախկին քննիչ – 1,
- ԱԱԾ և զինված ուժեր՝ 135 անձ, այդ թվում՝
ա) ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության բաժնի հերթափոխի պետ և ավագ հսկիչ՝ 2 անձ,
բ) ՊՆ զորամասի հրամանատարներ, տարածքային զինկոմիսարիատի բաժնի պետ, զինկոմիսարիատների աշխատակիցներ և այլն ՝ 133 անձ:
- ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցներ՝ 15 անձ, այդ թվում՝
ա) ՔԿՀ-ի պետ, պետի տեղակալ՝ 3 անձ,
բ) ՔԿՀ-ի բաժանմունքի պետ՝ 1 անձ,
գ) հերթապահ՝ 4 անձ,
դ) մասնագետ՝ 7 անձ:
Քրեական հետապնդման են ենթարկվել նաև այլ պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ: Մասնավորապես՝
- Առողջապահության ոլորտում 14 անձ՝ դատական բժիշկներ, պոլիկլինիկայի և ԲԿ-ների տնօրեններ ու բժիշկներ,
- Կրթության ոլորտում 35 անձ՝ բուհերի, դպրոցների, մանկապարտեզների և կրթական այլ հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ, ամբիոնի վարիչ, պահեստապետներ, հաշվապահներ,
- Պետական գնումների ոլորտում 2 անձ՝ ՊՆԿՇ և ԶԲ վարչության պետի տեղակալ, նյութատնտեսական ապահովման դեպարտամենտի ֆինանսական վարչության նախկին պետ,
- Սոցիալական ապահովության ոլորտում 56 անձ՝ սոցիալական ապահովության ծառայության բաժնի պետեր, մասնագետներ ու ավագ մասնագետներ, տուն-ինտերնատի տնօրեններ, պահեստապետեր, գլխավոր հաշվապահներ, ԲՍՓ հանձնաժողովի վիճակագիր, համայնքապետարանի սոցիալական աջակցության տարածքային բաժնի պետ, փոստային բաժանմունքների մասնագետներ,
- Էներգետիկ և բնական պաշարների ոլորտում 6 անձ՝ բնապահպանության և ընդերքի տեսչության տարածքային բաժնի պետ, պետական ավագ տեսուչ և տեսուչ, անտառապետության անտառապետ, պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ և անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն,
- Տեղական ինքնակառավարման ոլորտում 73 անձ՝ համայնքապետեր, համայնքապետի տեղակալներ, մասնագետ-տնտեսվարներ, հաշվապահներ, քարտուղար, գանձապահներ, մարզպետարանի բաժնի պետ, կոմունալ ծառայության տնօրեններ, քաղաքապետարանի բաժնի պետեր, մասնագետներ և տեսուչներ,
- Այլ ոլորտներում 91 անձ՝ հիմնականում առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողներ, ՍՊԸ-ների տնօրեններ, հաշվապահներ, պահեստապետեր, անտառապահներ: