Նախատեսվում է նոր զինվորական հոսպիտալ հիմնել

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վաղը՝ ապրիլի 18-ին կայալանիք կառավարության նիստին, գործադիրի անդամներին կներկայացնի մի կառավարության որոշման նախագիծ, որով կորոշվի ստեղծել «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների բժշկական ապահովումը հանդիսանում է պաշտպանական գերատեսչության կարևորագույն խնդիրներից մեկը։ Միաժամանակ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածը սահմանում է, որ զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները ապահովվում են անվճար որակյալ բուժօգնությամբ համապատասխան գերատեսչական բուժհիմնարկներում:

ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության գործունեությունն ուղղված է զինծառայողների առողջության պահպանմանը և ամրապնդմանը, հիվանդությունների կանխարգելմանը, ախտորոշմանը, բուժմանն ու բժշկական վերականգնմանը, բուժաշխատողների պատրաստմանը և վերապատրաստմանը, առողջության պահպանման նոր մեթոդների ու տեխնոլոգիաների ներդրմանն, ինչը մեծ հաշվով պետք է համապատասխանի լիազոր մարմնի սահմանած բժշկական օգնության և սպասարկման որակի չափորոշիչներին:

Այս համատեքստում կարևորվում է հոսպիտալի ստեղծումը, որը պետք է իրականացնի մասնագիտացված բժշկական օգնություն, ինչ իրենից ներկայացնում է ախտորոշման և բուժման հատուկ մեթոդների ու բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ, որը նախատեսում է բժշկական միջոցառումների համալիր կիրառում` ախտորոշում, բուժում, անմիջական բժշկական հսկողություն, ինչպես նաև ռազմաբժշկական փորձաքննություն:

Արդյունքում ակնկալվում է ստեղծել ՀՀ ՊՆ «Բերդի զինվորական հոսպիտալ», որի միջո­ցով հնա­րավոր կլինի.

  • Ապահովել հիվանդանոցային արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը՝ հիվանդին հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված կոնսուլտացիաները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, վիրահատությունները, վիրահատական և ֆիքսող միջոցները, բուժական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով ապահովումը, թթվածնի և այլ գազերի օգտագործումը, ֆիզիոթերապիան, բուժական մարմնամարզությունը, հիվանդի խնամքի ապահովումը միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական, հարբժշկական ծառայությունները, ինչպես նաև հիվանդների սննդով պարտադիր ապահովումը,
  • լիազոր մարմնի սահմանած բժշկական օգնության և սպասարկման որակի չափորոշիչներին համապատասխան ծառայությունների մատուցում,
  • հոսպիտալի կլինիկական բազայի վրա իրականացնել բարձրագույն և հետբուհական կրթութ­յան ծրագ­­­րեր, ինչպես նաև իրականացնել կատարելագործման ծրագրեր։

Նշենք, որ որոշման նախագծով նախատեսվում է

Սահմանել, որ հոսպիտալի.

  1.  գործունեության նպատակն օրենքով սահմանված կարգով զինծառայողների և քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը, ինչպես նաև բնակչության հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության հասանելիության ապահովելն է,
  2.  խնդիրներն են՝

ա. օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի շրջանակներում զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև բնակչության հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման իրականացումը (տրամադրումը),

բ. զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև բնակչության բժշկահիգիենիկ դաստիարակության և առողջապահության բնագավառի իրավական ակտերով սահմանված կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,

գործառույթներն են՝

ա. օրենքով սահմանված կարգով զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության իրականացումը,

բ. օրենքով սահմանված կարգով ավագ և միջին բուժանձնակազմի շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին մասնակցությունը,

գ. օրենքով սահմանված կարգով կրտսեր բուժաշխատողներին անհրաժեշտ հմտությունների և փորձի փոխանցումը,

դ. փոխգործակցության իրականացումն առողջապահության ոլորտի մարմինների, քաղաքացիական բժշկական և գիտահետազոտական կազմակերպությունների հետ,

ե. հետազոտական, գիտական և փորձարարական աշխատանքների իրականացումը, գիտահետազոտական և գիտակրթական նորարարական մեթոդների ներմուծումն ու կիրառումը,

զ. ռազմական բժշկագիտության ոլորտում միջազգային փորձի օգտագործումը։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում.

  1. հաստատել հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը, անձնակազմի թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում՝ զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը,
  2. ապահովել հիմնարկի պետական հաշվառումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել